00:00:00

ՀՀ-ն, կարծես, «պարտադրված է» բազմաշերտ օրակարգ ձևավորել Իրանի, ՌԴ-ի, Հնդկաստանի և Չինաստանի հետ

14:14, 13 սեպտեմբեր 2023 Բլոգ

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայում աշխարհաքաղաքական վերադասավորումներ ենթադրող տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության նոր և հզորացող գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, որոնց Հայաստանը կարծես թե անլուր և անհաղորդ է։

Նյու Դելիում սեպտեմբերի 9-ին և 10-ին G20-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Հնդկաստանի նախագահությամբ։

 

Հաջորդ տարի նախագահող երկիրը Բրազիլիան է, իսկ 2025-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հիշյալ երեք երկրները՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ԲՐԻԿՍ-ի անդամ («հիմնադիր») երկրներն են, և, արդյո՞ք այս երկրների (և՝ հատկապես նախագահող Հնդկաստանի) ջանքերով չէ, որ G20-ի վերջին գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հռչակագիրը ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ քաղաքական գործընթացների (այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների) վերաբերյալ բավականին կառուցողական և «կոնսենսուսային» էր, որում, օրինակ՝ Ուկրաինային ուղղակիորեն առնչվող, ինչպես նաև Ռուսաստանին ուղղակիորեն դատապարտող որևէ ձևակերպում չներառվեց։

Այլևս ակնհայտ է, որ ԲՐԻԿՍԻ անդամ երկրների ազդեցությունը գնալով դառնում է որոշիչ համաշխարհային թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական գործընթացների նկատմամբ, և, կարծես, ԲՐԻԿՍ-ը հետևողականորեն և հաջողությամբ իրականացնում է բազմաբևեռ աշխարհի կառուցման իր օրակարգը։

 

 

«Աննկատ» (համենայն դեպս՝ ոչ պատշաճ լուսաբանված) մնած այն փաստը, որ սույն թվականի օգոստոսի 22-ից 24-ը ՀԱՀ-ում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները որոշում կայացրեցին կազմակերպություն 6 նոր անդամի ընդունելու մասին։ Այդ երկրներն են՝ Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ–ն, որոնք պաշտոնապես կանդամակցեն կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից (2024 թվականին ԲՐԻԿՍ-ի նախագահող երկիրը Ռուսաստանն է)։

Ըստ փորձագետների, ԲՐԻԿՍ-ին 6 նոր անդամ երկրների միացումից հետո այդ միավորումը, ըստ էության, դառնում է աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։

 

«Ընդլայնված» ԲՐԻԿՍ-ը, ըստ էության, մոլորակի բնակչության շուրջ 60%-ն է, գեներացնում է Համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 37%-ը։ Ակնհայտ է նաև, որ այս կազմակերպության համաշխարհային ազդեցությունը և՛ արդյունահանման առումով, և՛ էներգակիրների արտահանման առումով բավականին հզորանալու է, քանի որ ըստ ՕՊԵԿ-ի վիճակագրական տեղեկատվության, ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ երկրները վերահսկելու են նավթի համաշխարհային արդյունահանման շուրջ 50%-ը, իսկ արտահանման՝ ավելի քան 39%-ը։

 

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները համատեղ առևտուր և տնտեսական նախագծեր իրականացնելիս որդեգրել են ապադոլարականացման անշրջելի ուղին, այսինքն՝ փոխադարձ հաշվարկներում և վճարումներում հստակ նպատակադրում կա կիրառելու իրենց ազգային արժույթները (թեև միասնական հաշվարկային արժույթի ներդրման վերաբերյալ ևս որոշ ակնարկներ կան)։

 

Թերևս աներկբա է, որ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, և թե՛ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարծես թե «պարտադրված է» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ արտաքին քաղաքականության բազմաշերտ օրակարգ ձևավորել առնվազն՝ Իրանի, Ռուսաստանի, Հնկաստանի և Չինաստանի հետ։ Միգուցե ԲՐԻԿՍ-ը հենց այն հեռանկարային հարթակն է, որը լավագույնս կծառայի այդ նպատակին․․․

 

Հարցս, բնականաբար, հռետորական է, քանի որ որևէ հոդաբաշխ տեսակետ կամ պատասխան ակնկալելի չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր