Սահմանամերձ Կոթի գյուղն արդեն ունի ընդարձակ և գեղեցիկ մանկական պուրակ` լի գունեղ խաղահամալիրներով, սահարաններով ու մարզասարքերով։ Բացման հանդիսավոր արարողության համար հավաքվել էին ինչպես Կոթիի բնակիչները, այնպես էլ հյուրեր տարբեր բնակավայրերից։ Սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։ Մանկական պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։
«Դեռևս մեկ կամ երկու տարի առաջ Կոթիում ապրողների համար երազանքի նման էր ունենալ նման մանկական պուրակ սահմանամերձ մեր գյուղում։ Անհրաժեշտությունը զգացվում էր, քանզի երեխաները և երիտասարդները չունեին մի վայր, որտեղ կկարողանային իրենց համար ժամանակ անցկացնել։ Բոլորիս երազանքն իրականություն է արդեն, մենք հիմա ունենք կահավորված ու գեղեցիկ, մաքուր պուրակ։ Կոթին շատ լավ զավակներ ունի, այդ թվում՝ Սամսոն Սարատիկյանը։ Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանից դուրս, բայց մշտապես աջակցել է Կոթիում տարբեր կրթական, մշակութային ծրագրերի իրականացմանը։ Այս այգուն կից կբացվի նաև սրճարան, որն էլ իր հերթին աշխատատեղ է դառնալու բնակիչների համար։ Պուրակի բացման օրն ավելի նշանավոր դարձնելու համար մենք որոշեցինք նաև գյուղի օր նշել»,- ասաց Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը։
Այգու բացումը ոգևորել է բնակիչներին, նրանք նախապես էին պատրաստվել՝ ներկայանալով ցուցահանդես֊վաճառքի տաղավարներով։ Կոթի բնակավայրի բարգավաճման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Սամսոն Սարատիկյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում։
«Ծնվել եմ գյուղում, հետո աշխատանքային գործունեություն ծավալել Ռուսաստանում։ Ես ու ընտանիքս միշտ ամուր կապ ունենք մեր արմատների ու ծննդավայրի հետ։ Կոթին սահմանամերձ գյուղ է, այստեղ լուծելու և կարգավորելու շատ հարցեր կան, այստեղից շատ են հեռանում ու իրենց կյանքը դասավորում այլ երկրներում, բայց մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ երեխաներն ու երիտասարդները մնան ու լավ ապրեն հենց այստեղ։ Մենք մտածում ենք նաև որևէ արտադրություն սկսել այստեղ, որ աշխատատեղ լինի, մարդիկ զբաղվածություն ունենան։ Այս այգու բացումը մեծ խորհուրդ ունի․ այն իմ և երկու տղաներիս կողմից է, որոնք, ցավոք, մահացել են», - նշեց Սամսոն Սարատիկյանը։
Իրենց գեղեցիկ երաժշտական ու պարային համարներով հանդես եկան Կոթիի շնորհաշատ երիտասարդները, այնուհետ նաև սիրված երգիչներ։ Այս տարվանից յուրաքանչյուր Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։