Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան։ Ժամը 13.00-ին դատական նիստ է նշանակված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ի երեկոյան։ Հայտնի դարձավ նաև, որ ձերբակալվել են վերջինիս որդին և քեռորդին: Գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:
Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
Ավելի ուշ Բալասանյանի ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Ըստ դատախազության, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը դիմել է դատախազություն առ այն, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա.Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, մեղվաընտանիքներ ձեռք չեն բերվել։
Հարուցվել է քրեական գործ։