Գյումրիում իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ երեկ իրավապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ոստիկանի կողմից։
«Մասնավորապես ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող արտակ պողոսյանը( գմփի թուլեն) ցոցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս։ Քաղաք Գյումրի, Պ. Սևակ փողոցում գտնվող խանությում, որտեղ առկա են նաև տեսախցիկներ։ Հաշվի առնելով հայաստանյան բեզպրիդելը, գործելու եմ իմ իմացածով»,- գրել էր նա։
ՀՀ Քննչական կոմիտեից էլ Irakanum.am-ին հայտնեցին, որ Պողոսյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ոչ իրենից, ոչ էլ ընդհանրապես ՔԿ-ն հաղորդում չի ստացել։
«Այդպիսին ստացվելու դեպքում, բավարար հիմքերի դեպքում իրավական գործընթաց կնախաձեռնվի»,- ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Միաժամանակ քննչական կոմիտեն ոստիկանից է հաղորդում ստացել, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ «Կոմիտեն հաղորդում է ստացել ոստիկանի նկատամբ տվյալ անձի կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ։ Այդ հաղորդման առթիվ կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգքրի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Կատարվածի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև ՄԻՊ-ը։
Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար:
Irakanum.am