00:00:00

Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց

11:53, 12 ապրիլ 2023 Քաղաքականություն

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:

 

Հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

 

Մհեր Սահակյանը նախորդ օրը հայտնել էր, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը, սակայն Սահակյանն այսօր Սյունիքում է ու չի մասնակցել քվեարկությանը:

 

Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

 

Աննա Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:

 

Նշվում է նաև, որ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով. Մհեր Սահակյանը հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայություն պարզելու համար նմուշ հանձնելուց:

 

Մհեր Սահակյանը վստահեցրել է, որ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ քննարկմանը տեղի ունեցած միջադեպի ժամանակ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածել է զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր