Այսօր լրանում է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի՝ Սումգայիթի ջարդերի 35-ամյակը։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը` Բաքվից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանությունների հանցավոր թողտվությամբ և նույնիսկ ցուցումով, տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք ուղեկցվում էին սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ջարդարարների խմբերը, զինված սրածայր մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով և ինքնաշեն այլ միջոցներով, քաղաքի իրավապահ մարմինների լիարժեք անտարբերության պայմաններում, ներխուժում էին հայերի բնակարանները և անհավանական դաժանությամբ հաշվեհարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։ Բռնության մի քանի օրերի ընթացքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները ենթարկվեցին դաժան ծեծի և խոշտանգումների, հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։ Հայերի նկատմամբ ատելության մթնոլորտը սնուցվում էր հանրահավաքների ժամանակ հնչեցվող հակահայկական կարգախոսներով և բռնության կոչերով։ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հանցավոր այդ գործողությունների նպատակն էր՝ վախի մթնոլորտ ստեղծել և դրանով իսկ ճնշել Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ պահանջները։
Սումգայիթի կոտորածը դարձավ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական և ցեղասպան քաղաքականության առաջին լայնածավալ դրսևորումը։ Դրան հետևեցին հայերի ջարդերն Ադրբեջանի այլ քաղաքներում՝ Բաքվում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում և այլուր, ինչպես նաև Արցախի դեմ սանձազերծված երեք պատերազմները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության վրա նպատակաուղղված հարձակումներով, արգելված և ոչ ընտրողական բնույթի զենքի կիրառմամբ և այլ պատերազմական հանցագործություններով։
Սումգայիթի ջարդերը հիմք դարձան Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության վերակենդանացման համար: Հայատյացությունը բարձրացվեց պետական քաղաքականության մակարդակի: Այդ հրեշավոր հանցագործության ոգեշնչողներն ու իրականացնողները դարձան ընդօրինակման առարկա, իսկ հայերի նկատմամբ հանցագործությունները՝ սովորական: Երկու տարի անց՝ 1990 թվականի հունվարին, Բաքվում հայերի ջարդերն արդեն իրականացվում էին «Փա՜ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսի ներքո: Ցավոք, ո՛չ Սումգայիթի ջարդերի, ո՛չ էլ հաջորդած մյուս ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության, ինչի պատճառով այդ ավտորիտար պետության իշխանությունների համար ձևավորվել է քաղաքական ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ։
Անպատժելիության և ամենաթողության զգացումի, հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամեն գնով ճնշելու ձգտման համադրությունը հանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցության և պետական քաղաքականության մեջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրությունների արմատավորմանը: Այդ հանցավոր մտադրությունների ակնհայտ դրսևորումներից է Արցախի ավելի քան երկու ամիս շարունակվող շրջափակումը, որի հիմքում Ադրբեջանի իշխանությունների ձգտումն է՝ ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվել իր հավաքական իրավունքներից, զրկել հայրենիքից և ի վերջո՝ ոչնչացնել նրան։
Նույնիսկ 35 տարի անց Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ճնշման, ահաբեկման, մարդու իրավունքների կոպիտ խախտման, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, վտարման և էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։ Այնուամանայնիվ, չնայած Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Արցախի ժողովուրդը մնում է ամուր և վճռական՝ պաշտպանելու իր իրավունքները պատմական հայրենիքում և շարունակելու պայքարը հանուն ազատության, անկախության, ժողովրդավարության և մարդու իրավունքների։
Խոնարհվում ենք Ադրբեջանի ագրեսիվ և մարդատյաց քաղաքականության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ և ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ընդհատելու Ադրբեջանի անօրինական գործողությունների արատավոր շրջանը, կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։