00:00:00

Բաքվում անհանգիստ են

22:41, 18 մարտ 2026 Աշխարհ

«Գեղարդ վերլուծական»-ը հոդված է հրապարակել․

2026 թվականի փետրվարի սկզբին ադրբեջանական մամուլում տարածվել են հրապարակումներ, որոնցում Բաքուն ի ցույց է դնում իր անհանգստությունները՝ կապված Լիբիայում տեղի ունեցող զարգացումների և, մասնավորապես, լիբիական էներգակիրների շուրջ տարբեր երկրների աշխույժ հետաքրքրությունների հետ։ Ուշագրավ է հատկապես ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկում տեղ գտած հոդվածը, ինչը հաստատում է Բաքվի մտահոգությունները եվրոպական երկրներում և Թուրքիայում ադրբեջանական գազը լիբիականով փոխարինելու մտադրությունների մասին։

Եվրոպական միությունը (ԵՄ) որոշում է կայացրել մինչև 2027 թվականը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու մտադրության մասին։ Այդ որոշմամբ սահմանվել է, որ ԵՄ երկրները պետք է բացառեն ռուսական ծագմամբ գազի ներմուծումը և մինչև 2026 թվականի մարտի 1-ը մշակեն գազամատակարարման դիվերսիֆիկացման ազգային ծրագրեր, բացահայտեն ռուսական գազի փոխարինման հետ կապված հնարավոր խնդիրները։ Ըստ այդմ` եվրոպական երկրների գազի պահանջարկի բավարարման այլընտրանքային տարբերակներ են դիտարկվել ադրբեջանական, հյուսիսաֆրիկյան, միջինասիական և մերձավորարևելյան էներգակիրները:

Ներկայումս Ադրբեջանը գազ է մատակարարում 16 երկիր, այդ թվում` ԵՄ անդամ 10 երկիր: 2026 թվականի հունվարից Կասպից ծովից սկիզբ առնող և Իտալիայի ափերը հասնող SCPX-TANAP-TAP խողովակաշարին վերջինը միացել են Գերմանիան և Ավստրիան` 10-ամյա պայմանագրեր կնքելով «SOCAR»-ի հետ: Ադրբեջանական տիրույթում այս գործարքը ներկայացվում է որպես Եվրոպայի գազային համակարգում հաստատվելու Բաքվի նշանակալի հաջողություն: Սակայն այլ տեսակետներ կասկածի տակ են դնում եվրոպական պահանջարկը բավարարելու ադրբեջանական կարողությունները և նշում, որ Ադրբեջանն արդեն իսկ հետ է ընկել խոստացված ծավալներն ապահովելու պարտավորությունից:

Ադրբեջանական կողմը նույնպես ընդունել է կարճ ժամանակում անհրաժեշտ մատակարարումներ իրականացնելու անկարողությունը և հաստատել, որ խողովակներն ամբողջությամբ ծանրաբեռնելու համար պետք են նոր ենթակառուցվածքներ և լրացուցիչ ներդրումներ, որոնք Բաքուն և ԵՄ-ը սեղմ ժամկետում չեն կարող ապահովել: Լավագույն դեպքում ադրբեջանական գազի ծավալները կարող են մեծանալ 2029 թվականից՝ ի հաշիվ կասպյան հանքավայրերում թուրքական ընկերությունների ներդրումների ու թուրքական կապիտալի օգնությամբ նոր հանքավայրերի շահագործման։ Դրա վերաբերյալ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել 2026 թվականի հունվարի 5-ին:

Մինչև 2027 թվականը ռուսական գազի փոխարինման լիբիական այլընտրանքի շուրջ արդեն իսկ առանցքային գործընթացներ են մեկնարկել: Լիբիայի Նավթի ազգային կոմիտեն (NOC) հայտարարել է մինչև 2027 թվականը նավթի արտադրությունն էականորեն ընդլայնելու մտադրության մասին՝ խրախուսելով միջազգային ընկերություններին վերադառնալ և ներդրումներ կատարել երկրի հանքավայրերում և էներգետիկ ենթակառուցվածքներում։

2026 թվականի հունվարին գազի մատակարարումների վերաբերյալ կարևորագույն պայմանագրեր Տրիպոլին արդեն իսկ կնքել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Լիբիական կողմը TotalEnergies և ConocoPhillips ընկերությունների հետ ծովային տարածքում գազի արդյունահանման նպատակով 20 միլիարդ դոլարի համատեղ ներդրում կատարելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ավելի վաղ լիբիական գազի մեծ ծավալներ գնելու պատրաստակամություն էր հայտնել նաև Իտալիան։

Լիբիական գազը եվրոպական էներգակիրների համակարգին է միացած GreenStream ստորջրյա խողովակաշարով: 516 կիլոմետր երկարությամբ այս խողովակը Լիբիայից ձգվում է մինչև Սիցիլիա կղզի։ Համակարգը շահագործվում է իտալական Eni ընկերության կողմից՝ իր՝ GreenStream BV համատեղ ձեռնարկության միջոցով։ Հաշվի առնելով, որ Լիբիան Թուրքիային կապող գազատարներ չկան, Անկարան դիտարկում է «GreenStream»-ով դեպի Իտալիա լիբիական գազի արտահանում իրականացնելու տարբերակը:

Թուրքիան Լիբիայում ներկայումս իրականացնում է նավթի և բնական գազի հետախուզման մի շարք նախագծեր: Դրանք ներկայացվում են որպես արտաքին էներգիայի աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու ավելի լայն ռազմավարության և Թուրքիայի երկարաժամկետ էներգետիկ քաղաքականության մաս: Ադրբեջանական մամուլն այս կապակցությամբ արձանագրել է, որ Լիբիայի կառավարությունը քաղաքական աջակցություն է ցուցաբերել թուրքական նախաձեռնություններին` ստեղծելով մրցակցային լրացուցիչ առավելություններ Անկարայի համար։ Բաքուն նաև կարծում է, թե սա կարող է հակասություններ առաջացնել Թուրքիայի և եվրոպական երկրների միջև:

Իր հերթին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ այդ նպատակով քննարկվում է փոխանակման մեխանիզմի միջոցով ադրբեջանական գազով փոխհատուցելու հնարավորությունը: 2026 թվականը նախանշվել է որպես «Լիբիայի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության տարի», և 17 տարվա ընդմիջումից հետո երկու երկրները տնտեսական հուշագիր են կնքել:

Ըստ էության` քաջատեղյակ լինելով լիբիական նավթագազային ոլորտի հանդեպ Ադրբեջանի դյուրագրգիռ վարքագծին` Թուրքիայի նախագահը դեռ 2021 թվականին Ալիևին առաջարկել էր թուրքական պետական ընկերության (TPAO) միջոցով մասնակցել համատեղ աշխատանքներին: Էրդողանի խոսքով` Ալիևը գոհունակություն է հայտնել առաջարկի կապակցությամբ, սակայն հետագա համագործակցության վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն: Ավելին՝ Լիբիայի նավթի և գազի ոլորտին ուշադրությամբ հետևող Բաքուն 2025 թվականին դեպի լիբիական տնտեսություն փորձել է առաջ մղել «SOCAR»-ին:

Ադրբեջանական տիրույթում նաև դժգոհություն կա ԵՄ ընդունած կանոնակարգի այն դրույթի վերաբերյալ, որը պահանջում է ապացույցներ ներկայացնել գազի՝ ոչ ռուսական ծագման վերաբերյալ: Բաքուն շեշտադրում է, որ ռուսական գազը Եվրոպա է հասնում «Թուրքական հոսքով» և չի առնչվում Ադրբեջանից սկիզբ առնող «Հարավային գազային միջանցքին» (SCPX): Պահանջի մեջ Բաքվի հանդեպ կասկած նկատելով` Ադրբեջանն ի ցույց է դնում իր դժգոհությունը հատկապես Ֆրանիսայի նկատմամբ, որը, ի հեճուկս Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների, ռուսական գազից հրաժարվելու հարցում չի կիսում եվրոպական մյուս երկրների տեսակետները: Բացի այդ՝ Բաքու-Փարիզ «հակամարտության» վերջին տարիների «գործարքներում» նաև տնտեսական հարցերն են։ Ֆրանսիական կողմն ադրբեջանական գազի փոխարեն նախընտրել է լիբիականը` 2026 թվականի հունվարին նոր պայմանագրերի կնքմամբ նպատակ ունենալով մեծացնել լիբիական գազի ներմուծումը՝ շարունակելով ռուսական գազ ստանալ թուրքական խողովակներով:

Այս համատեքստում անհանգստացած է Բաքուն, քանի որ ադրբեջանական գազից աստիճանաբար հրաժարվող Փարիզի հետևողականության շնորհիվ ադրբեջանական գազի հանդեպ պահանջարկը հետագա տարիներին ԵՄ-ում չի մեծանա, փոխարենը՝ Անկարայի հետ համագործակցությամբ լիբիական գազն ավելի շուտ կապահովի եվրոպական պահանջարկը: Ռուսական գազն ադրբեջանականին մրցակից համարող Բաքուն անհանգստացած է նաև Անկարայի՝ լիբիական գազը ռուսականով փոխանակելու տարբերակի դիտարկմամբ։

Սակայն, ըստ նույն ադրբեջանական «մտահոգ» աղբյուրների, TAP AG համատեղ ընկերությունը հայտարարել է, որ լիբիական ու ադրբեջանական էներգակիրների փոխանակման հարցը ներկայումս չի քննարկվում: Ավելին՝ ընկերությունը հաստատել է մինչև 2045 թվականը հաստատված պայմանագրային պարտավորությունների առկայությունն ու գործող կարգավորումները չփոխելու անհրաժեշտությունը։

Փաստորեն՝ Բաքուն անհանգստանալու լրջագույն պատճառներ ունի մի քանի առումներով․ նախ՝ կարող է դուրս մնալ գազի ներմուծման հարցում Բրյուսելի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականության առանցքից՝ իր երբեմնի դիրքերը զիջելով Լիբիային։ Երկրորդ՝ ադրբեջանական գազից էական կախվածության մեղմման հետևանքով կարող է զրկվել անպատժելիության նախկին հնարավորությունից։ Դրա շնորհիվ էր, որ Ադրբեջանն էթնիկ զտում ու ռազմական հանցագործություններ իրականացրեց Արցախում։ Ավելին՝ ադրբեջանական գազ սպառող եվրոպական երկրների ու կազմակերպությունների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների բազմատեսակ խախտումներն ու բռնաճնշումները չեն արժանացել պատժամիջոցների կամ պատշաճ վերաբերմունքի։

Ավելին՝ Բաքվին արդեն իսկ կասկածում են ռուսական գազի ներմուծման արգելքը շրջանցելուն աջակցելու մեջ։ Բաքվի համար անհանգստացնող է նաև Անկարայի քաղաքականությունը։ Թուրքիան նույնպես շահագրգռված է իր էներգետիկ տնտեսության դիվերսիֆիկացման հարցում և հետևողականորեն ներգրավված է լիբիական գազի արտահանումը շեշտակիորեն ավելացնելու գործընթացներում։

Ըստ այդմ՝ լիբիական գազի շուրջ առաջիկա պայմանավորվածություններն ու գործնական աշխատանքներն Ադրբեջանին էլ ավելի դյուրագրգիռ են դարձնելու։ Ֆինանսական հոսքերից զրկվելու և տնտեսական, իսկ դրա միջոցով նաև՝ քաղաքական լծակների թուլացումը Բաքվին հարկադրելու է փնտրել Անկարայի և Բրյուսելի նկատմամբ ճնշում բանեցնելու նոր գործիքներ։ Տվյալ դեպքում՝ ավելի հավանական է Վաշինգտոնի հետ փոխգործակցությունը, ինչի միջոցով միայն ադրբեջանական գազը կարող է դիտվել որպես ռուսական գազի առաջնահերթ փոխարինող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր