Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը չի անդրադառնա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Մարյան դե Յոնգը:

Հայտարարության առիթը Բաքվի դժգոհությունն էր Նիդերլանդների և Բելգիայի խորհրդարանների որոշումներից. ապրիլի 16-ին Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ պատգամավոր Դոն Սեդերի երկու առաջարկները, իսկ Բելգիայի խորհրդարանը բանաձևեր էր ընդունել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել էր երկու երկրների դեսպաններին և պահանջել դադարեցնել իրենց խորհրդարաններում «հակաադրբեջանական խմբավորումների» գործունեությունը։

Դե Յոնգը պարզաբանել է, որ Նիդերլանդների խորհրդարանը գործում է կառավարությունից անկախ. «Մենք չենք կարող ազդել նրա վրա։ Մենք կարող ենք միայն տեղեկություններ տրամադրել, սակայն որոշումները պատգամավորներն ինքնուրույն են ընդունում»:

Դեսպանն ընդգծել է, որ Նիդերլանդները հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ և կողմ է տարածաշրջանում խաղաղ գործընթացին: