Եվրահանձնաժողովը նախնական որոշում է ընդունել 2027 թվականի ընթացքում Լեհաստանին կրկին ազատել ԵՄ միգրացիոն պակտի շրջանակում ներգաղթյալներ ընդունելու պարտավորությունից կամ նրանց տեղավորումից հրաժարվելու համար փոխհատուցում վճարելու պահանջից։ Բացառությունը գործելու է 2027 թվականի ընթացքում, հայտնում է լեհական RMF FM ռադիոկայանը՝ հղում անելով Բրյուսելում իր թղթակցին։ Պաշտոնապես որոշումը նախատեսվում է հայտարարել նոյեմբերի 4-ին։
Լրագրողների տվյալներով՝ վերջին շաբաթներին լեհական իշխանությունները Եվրահանձնաժողովին փոխանցել են երկրում միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ և դրական որոշում են ակնկալում։ Ըստ նախնական տվյալների՝ Վարշավան միաժամանակ ստիպված չի լինի պարտադիր համերաշխության մեխանիզմի շրջանակում օպերացիոն և տեխնիկական աջակցություն տրամադրել։
Այդ մեխանիզմը ԵՄ միգրացիոն պակտի մի մասն է, որը 2026 թվականի հունիսից սկսել է կիրառվել միության բոլոր երկրներում։ Այն նախատեսում է աջակցություն այն պետություններին, որոնք բախվում են միգրացիոն ճնշման։ Երկրները կարող են վերաբնակեցման շրջանակում ընդունել ներգաղթյալների, յուրաքանչյուր չընդունված անձի համար մոտ 20 հազար եվրո վճարել կամ տեխնիկական և նյութական օգնություն տրամադրել։
Լեհաստանն արդեն ստացել է այդ պարտավորություններից ազատում 2026 թվականի համար։ Նախորդ որոշումն ընդունելիս Եվրահանձնաժողովը հաշվի էր առել երկրում գտնվող ուկրաինացի փախստականների մեծ թիվը, ինչպես նաև Բելառուսի հետ սահմանին պահպանվող միգրացիոն ճնշումը։
RMF FM-ի տեղեկություններով՝ անցյալ տարվանից ի վեր իրավիճակը էապես չի փոխվել. ուկրաինացի փախստականները դեռևս Լեհաստանում են, իսկ բելառուսական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Միգրացիոն իրավիճակի գնահատման մեթոդաբանությունը նույնպես մնացել է անփոփոխ։
Ազատումը ժամանակավոր կլինի։ Մեկ տարի անց Եվրահանձնաժողովը կրկին կգնահատի Լեհաստանի վիճակը և որոշում կընդունի եվրոպական միգրացիոն մեխանիզմի շրջանակում նրա պարտավորությունների վերաբերյալ։