Այսօր Սյունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի, կնքել են հուշագիր՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է ԶՊՄԿ մամուլի ծառայությունը։
Հուշագրով նախատեսվում է համագործակցությունն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
- Սոցիալական բնագավառում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում, անապահով ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման, կրթության ոլորտում՝ մասնավորապես՝ Սյունիքի մարզը որակյալ մասնագետներով ապահովելու և այլ ուղղություններով։
- Տնտեսական բնագավառում, մասնավորապես՝ նպաստել մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը՝ առաջնահերթությունը տալով թեթև արդյունաբերությունը և հատկապես գյուղատնտեսության ոլորտին:
- Բնապահպանական ոլորտում, մասնավորապես՝ նպաստել մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, խթանել այլընտրանքային էներգիայի կիրառությունը:
Կողմերը պարտավորվել են համագործակցել նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում մշտադիտարկման, փորձի փոխանակման, տեղեկատվական նյութերի հրապարակման ուղղություններով։