00:00:00

Նոր Սահմանադրությունում բացակայում է Անկախության հռչակագրի հղումը

09:55, 23 նոյեմբեր 2026 Հասարակություն

Ինչպես և սպասվում էր, իշխանության կողմից ներկայացված նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը: Նախաբանը սկսվում է այսպես. 

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Գլուխ 1. ՀԻՄՆԱՐԱՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հիմնադիրը

Հայեցակարգային հիմք 01Հայեցակարգային հիմք 02
  1. 1. Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։

  2. 2. Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է։

 
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունը
Հայեցակարգային հիմք 02
  1. 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, սոցիալական պետություն է։

 
Հոդված 3. Ժողովուրդը՝ իշխանության տեր, կրող և աղբյուր
Հայեցակարգային հիմք 02
  1. 1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։

  2. 2. Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է։

  3. 3. Ժողովրդի իշխանությունն անօտարելի է և պաշտպանվում է Սահմանադրությամբ և օրենքներով։

 
Հոդված 4. Ժողովրդի իշխանության իրացումը
Հայեցակարգային հիմք 01
  1. 1. Ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է Սահմանադրության ընդունմամբ, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան ձևավորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև համապետական և տեղական հանրաքվեների միջոցով։

  2. 2. Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

  3. 3. Պետությունը երաշխավորում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցող անձանց ազատ կամքի արտահայտումը և դրա ճշգրիտ արտացոլումը քվեարկության պաշտոնական արդյունքներում։

 
Հոդված 5. Իշխանությունների բաժանման, հավասարակշռման և սահմանափակման սկզբունքը
Հայեցակարգային հիմք 01
  1. 1. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

  2. 2. Պետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

  3. 3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են առաջնորդվել հանրային շահով, հաշվետվողականության, բարեվարքության սկզբունքներով և սահմանափակված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով:

  4. 4. Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները հարգելն ու պաշտպանելը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունն են:

 
Հոդված 6. Իրավական համակարգը և օրինականության սկզբունքը
 
  1. 1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և սահմանադրական օրենքներին։

  2. 2. Պետական և տեղական ինքնակառավարման ​​մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են հարգել և պահպանել Սահմանադրությունը և օրենքները և իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

  3. 3. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Կառավարության անդամները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին և սահմանեն լիազորման շրջանակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին։

  4. 4. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

  5. 5. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգը
Հայեցակարգային հիմք 03
  1. 1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետական շահ է։

  2. 2. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականությունների միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցության ապահովմանը և սոցիալական համերաշխության խթանմանը։

  3. 3. Սոցիալական համերաշխությունը հանրային և անհատական բարեկեցությունը ապահովելու՝ յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքի քաջալերման և այդ ջանքի արդյունքի վրա հիմնված բարեկեցություն կառուցելու սկզբունքն է։

  4. 4. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

 
Հոդված 8. Արտաքին քաղաքականությունը
Հայեցակարգային հիմք 03
  1. 1. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և խաղաղություն ապահովելու նպատակով:

 
Հոդված 9. Զինված ուժերը
Հայեցակարգային հիմք 03
  1. 1. Զինված ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և անվտանգությունը պաշտպանելն է։

  2. 2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

 
Հոդված 10. Շրջակա միջավայրի պահպանությունը
 
  1. 1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Շարունակությունը՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր