Հայաստանում 2022 թվականի հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվել է 85 մլն 914.8 հազար դոլարի ապրանք, որը 2.4 անգամ ավելին է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 69 մլն 789.8 հազար դոլարի, որը 2021-ի հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 3.4 անգամ: Ծավալներով երկրորդը մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներն են՝ 3 մլն 859.6 հազար դոլարի, աճը 2021-ի հունվար-նոյեմբերի համեմատ կազմել է 70.8 տոկոս: Ծավալներով երրորդը մանածագործական իրերն են՝ 3 մլն 822.3 հազար դոլարի, որը, սակայն, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.8 տոկոսով:
65.4 անգամ ավելացել է մարդասիրական օգնության կարգով ստացված հանքահումքային արտադրանքը՝ 307.3 հազար դոլարի: Հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացված քարից, գիպսից, ցեմենտից իրերի ծավալը՝ 642 հազար դոլար, աճել է 10.9 անգամ, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերինը՝ 5 անգամ՝ կազմելով 1 մլն 130.9 հազար դոլար:
Նախորդ տարվա հունվար-նոյեմբերի ընթացքում ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ստացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 26 մլն 418.1 հազար դոլարի, որը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 3 անգամ, այնուհետև Իսպանիան՝ 14 մլն 368.8 հազար դոլարի, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը եղել է 9.3 անգամ, երրորդը՝ Հնդկաստանից է՝ 7 մլն 329.8 հազար դոլարի, աճը կազմել է 3.7 անգամ:
Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներից ստացվել է 287.3 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ԵՄ երկրներից՝ 39 մլն 689.1 հազար դոլարի, այլ երկրներից՝ 45 մլն 938.4 հազար դոլարի: