Նոյեմբերի 21-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում մահացած ծննդկական Կարինե Մուսայելյանի հարազատները պնդում են Կարինեն ու նորածինը մահացել են բացառապես բժշկուհու անփույթ աշխատանքի պատճառով։ Irakanum.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի ամուսինը՝ Արայիկ Ջուլհակյանը պատմել է, որ կնոջ ու երեխայի մահվան մեղավորը ԲԿ-ի բժշկուհի Կարինե Հովհաննիսյանն է։ Մեր այս հրապարակումից հետո ԲԿ-ն հանդես եկավ պարազաբանումով։
Irakanum.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց, որ հարուցված է քրեական գործ։
«Շենգավիթ բժշկական կենտրոնում 21․11․2022թ․ծննդկան կնոջ և երեխայի մահվան վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 187 հոդվածի 2-րդ մասով նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել են մահացած մոր և նրա երեխայի դիակների դատաբժշկական փորձաքննություններ, որոնք ընթացքի մեջ են։ Նախաքննության շրջանակներում իրականացվում են տեղի ունեցածի պատճառների, հանգամանքների բացահայտմանը և արարքներին իրավական գնահատականներ տալուն ուղղված քննչական և վարույթային գործողություններ»,- ասաց Գոռ Աբրահամյանը։