«Շենգավիթ» բժշկական կենտրոնից արձագանքել են Irakanum.am-ի՝ Շենգավիթ ԲԿ-ում նորածինն ու 33-ամյա ծննդկանը մահացել են. հարազատները մեղադրում են բժշկին վերտառությամբ հոդվածին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Դեպքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր պաշտոնական հայտարարությունը: Ս․թ․․ 21.11.2022 ծննդկան , 33 ամյա Կ․Մ․-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ: Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները: Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով: Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն: Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ: Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը: Որոշում է կայացվել ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան: Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով:
Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի և հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով: Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում: Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից: Այնուհետև կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս 3 անգամ սրտի կանգ: Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է: Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում: Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել: Ժամը 19:45-ին գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:
Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։