00:00:00

Բելառուսը ՀԱՊԿ-ը բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության. Զոհրաբ Մնացականյան

12:39, 02 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառումների շարք է կատարել ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշման, ինչպես նաև Արցախի ճակատագրի վերաբերյալ:

«ՀԱՊԿ-ն իր անդամների համար ամեն ինչ է, բայց ոչ հավաքական անվտանգություն: Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նրանք դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, բայց նաև Չմիավորման շարժման անդամներ են։ Ինչպիսի կատակ», - գրել է Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին։

Նա նաև հավելել է. «Բելառուսի բռնապետի հիմար դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են, քանի որ նա փորձում է ուրիշներին գցել իր մակարդակին և նրանց փորձ տալ: Իհարկե, նա իր շրջապատում նախընտրում է ադրբեջանցի «յուրայինին»։ Աշխարհի բռնապետե՛ր, միավորվե՛ք»:

Այնուհետև, Մնացականյանը նշել է, որ «փաստը մնում է փաստ, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից»:

Ըստ Մնացականյանի՝ «ցանկացած խաղաղ բանակցություններ՝ առանց Հայաստանի անհապաղ և ամբողջական ապաօկուպացման հարցը լուծելու, խաղաղության ծաղր են»:

«Արցախի դիտարկումը՝ առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, գոյաբանական սպառնալիքի անդրադառնալու, նախերգանքն է այն զանգվածային հանցագործություններին օժանդակման և աջակցման ակտի, որն Ադրբեջանը պատրաստ է իրականացնել։ Նրանք բավականին նախազգուշական նշաններ են տալիս նման միտումների համար», - եզրափակել է Մնացականյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր