Հայաստանի տնտեսությունը բում է ապրում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4 տոկոս:
Սա, ըստ վարչապետի, չափազանց կարևոր ցուցանիշ է: «Այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որ 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններն ու վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է», - նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության մեծագույն դերակատարումն այն է, որ երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայել տնտեսական դժվարություններին ու օգտվել տնտեսական աճի այն հնարավորություններից, որոնք կարող են ստեղծվել:
«2018 թվականից մեր մոտեցումը տնտեսությանը եղել է հետևյալը՝ պետք է կառավարությունը հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին ու ավելի շատ զբաղված լինի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով ու պրոբլեմների հաղթահարումներով, այս առումով, ես կարծում եմ՝ մենք քաղում ենք պտուղները», - հայտարարեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։