ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրանկ Փալոնին, Ջեքի Սփիրին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկ Կոնջորյանը։
«Կոչ եմ արել գործընկերներիս՝ շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ զսպելու Հայաստանի նկատմամբ որևէ տեսակ ագրեսիա, ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ադրբեջանական զորքերը, անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին»,– գրել է նա։