Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Եսայի քահանա Արթենյանը:
«Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,-նշել է նա:
Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել էր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութին, որտեղ նշել էր. «Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը»: