Մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներում հիմնավորում էր, թե Նիկոլ Փաշինյանը Բերձորը՝ իր հարակից գյուղերով, Ադրբեջանին է տալիս, որ Ադրբեջանին իրենց պահանջած Զանգեզուրի միջանցքը չտան:
«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սուվերեն միջանցք: Հայաստանի Հանրապետությունը չի տալիս այդ միջանցքը: Ինչքան էլ որ շուրջ երկու տարի է՝ տարբեր օղակներ, փորձագետներ, եսիմ ովքեր պնդում են, որ հանձնել է, տվել է, ստորագրել է, եսիմ ինչ են արել, Հայաստանը չի տալիս այդ միջանցքը:
Հայաստանն ասում է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բացում եմ բոլոր կետերը, ոչ մի խնդիր չկա, եկեք բոլոր տեղերով անցեք: Բայց իրենց դա չէ պետք: Իրենց պետք է հող, կրկնում եմ, հողակտոր Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Էդմոն Մարուքյանը: