00:00:00

Բայդենը սեպտեմբերի 17-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը

09:05, 12 սեպտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ դեպտեմբերի 17-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ ներկա գտնվելու թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Սպիտակ տան հայտարարությանը հղումով։

«Շաբաթ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին, նախագահն ու առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ Նորին  Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի պետական հուղարկավորությանը», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատի թվիթերյան միկրոբլոգում հաղորդվել է, որ թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Վեստմինստերյան աբբայությունում։ 

Հայտնի է, որ հուղարկավորման արարողությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 11։00-ին (երևանյան ժամանակով՝ 14:00-ին)։ 

Եղիսաբեթ II-ը կհուղարկավորվի իր հոր՝ Գեորգ VI թագավորի կողքին։ Բրիտանական միապետի հուղարկավորության օրը ոչ աշխատանքային է լինելու։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կյանքից հեռացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում։ Նա Գեորգ VI թագավորի և լեդի Էլիզաբեթ Բոուս-Լիոնի ավագ դուստրն էր, ծնվել էր 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ 1936 թվականին, հոր գահ բարձրանալուց հետո, Եղիսաբեթը դարձավ բրիտանական թագի ժառանգորդը։ Բրիտանական գահի իրավահաջորդության կարգի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի գահը ժառանգել է նրա որդին՝ Չարլզը։ Նա այս տարի դառնում է 74 տարեկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր