00:00:00

Դանիան եւ Գերմանիան կողմ են հանդես եկել Բալթիկ ծովում ծովային հողմաէլեկտրակայանների ստեղծման գաղափարին

18:14, 29 օգոստոս 2022 Աշխարհ

Դանիան Բալթիկ ծովում ծովային հողմաէլեկտրակայանների նախատեսված հզորությունը 3 գիգավատի կհասցնի եւ կմիացնի դրանք գերմանական ցանցին՝ նպատակ ունենալով ազատել Եվրոպան կախվածությունից  ռուսական գազից: 2030-ին ստեղծվելուց հետո այն կկարողանա մինչեւ 4.5 միլիոն եվրոպական տուն ապահովել էլեկտրաէներգիայով, գրում է AP-ն։

470 կիլոմետրանոց ստորջրյա մալուխը կանցնի Դանիայի Բալթիկ ծովի Բորնհոլմ կղզու միջով դեպի հյուսիսային Գերմանիա, ինչը թույլ կտա էլեկտրաէներգիան ուղղակիորեն գերմանական էլեկտրացանց ուղարկել եւ ապա՝ Եվրոպա:

Այս պահին Դանիայում եւ Գերմանիայում ծովային հողմաէլեկտրակայանների հզորությունները 1.5 գիգավատ եւ 1 գիգավատ են կազմում: Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի նախարար Ռոբերտ Հաբեկն այդ նախագիծն «առաջնակարգ նախագիծ» է անվանել եւ հավելել է, որ «Եվրոպական գործընկերների նման նախագծերի շնորհիվ մենք միաժամանակ հասնում ենք երկու հիմնական նպատակի՝ եվրոպական էներգետիկ անվտանգության եւ կլիմայական չեզոքության»։ Գործարքի մասին հայտարարվել է երկուշաբթի Կոպենհագենում։

Դանիայի էներգետիկայի նախարար Դան Յորգենսենը հավելել է, որ «առավել քան երբեւէ միջազգային համագործակցություն է անհրաժեշտ ջերմոցային գազերի արտանետումների հետագա կրճատման եւ ռուսական գազից եւ նավթից Եվրոպայի անկախությունն ապահովելու համար»:

Ուրբաթ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ, ըստ գնահատականների, Բալթիկ ծովի քամին կարող է «ավելի քան երկու անգամ ավելի շատ էներգիա, քան Գերմանիայի բոլոր ածխով աշխատող էլեկտրակայանները»:

«Բալթիկ ծովի շրջակայքի երկրները պետք է միասին աշխատեն եւ ուղի նախանշեն՝ մեր տարածաշրջանը ավելի դիմացկուն եւ անվտանգ դարձնելու համար»,- ասել է Բերբոքը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիան հավատարիմ է մնում մինչեւ 2045 թ. ջերմոցային գազերի արտանետումներն աստիճանաբար վերացնելու նպատակին, որը ամենավաղն է ցանկացած խոշոր արդյունաբերական երկրից: Այդ նպատակին հասնելու համար նրա կառավարությունը հայտարարել է, որ կփակի ածխով աշխատող էլեկտրակայանները, որոնք վերակառուցվել են ուկրաինական հակամարտության պատճառով, կդադարեցնի ռուսական նավթի եւ ածուխի ներկրումն այս տարի եւ նպատակ է դնելու դադարեցնել ռուսական գազի օգտագործումը հաջորդ երկու տարի։

Հայտարարությունն արվել է երկուշաբթի՝ Կոպենհագենում հանդիպումից մեկ օր առաջ, որը կքննարկի «Բալթիկ ծովի տարածաշրջանը ռուսական էներգիայից ազատելու եւ միեւնույն ժամանակ ճանապարհ հարթելու զգալի կանաչ անցման ուղիները», ասվում է Դանիայի կառավարության հայտարարության մեջ:

Նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Եվրամիության գործադիր հանձնաժողովի նախագահը, Լիտվայի նախագահը, Լեհաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի եւ Դանիայի վարչապետները, ինչպես նաեւ էներգետիկայի մի քանի նախարարներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր