«Կանեփ-կակաչ-2022» համալիր միջոցառման շրջանակում ակտիվ պայքար են ծավալել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, ինչի արդյունքում օգոստոսի 22-ին խուզարկություն է կատարվել Գետաշեն գյուղի մի բնակչի տանը, տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում:
Խուզարկությանը մասնացել են նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողներ: Հողամասում հայտնաբերվել է կանեփի 13 բույս, ննջարանից` չորացված, մանրացված կանեփանման զանգվածով երկու փաթեթ: Ըստ տանտիրոջ` կանեփն աճեցրել էր ինքը, իսկ կանեփից թմրամիջոցը պատրաստել էր իր օգտագործման համար:
Արմավիրի քրեական հետախույզների ստացած նմանատիպ մեկ այլ տվյալի համաձայն` կանեփ էր աճեցնում նաև Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա մի տղամարդ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է մինչև չորս մետր բարձրության կանեփի 24 թուփ: Ըստ տանտիրոջ` մշակումն արգելված բույսերն աճեցրել է անձամբ օգտագործելու նպատակով:
Հակաթմրամիջոցային գործողություններին մասնակցում են նաև Արմավիրի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները: Օգոստոսի 23-ին, ցերեկվա ժամը երկուսին, Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգում նրանք ձերբակալել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին են տեղափոխել Արևադաշտ գյուղի 21-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ և ածխացած հետքերով երկու կաթուցիչ:
Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, իսկ կանեփը քաղել էր վայրաճ կանեփի թփերից:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:
«Կանեփ-կակաչ-2022» համալիր միջոցառումը շարունակվում է: