Թուրքիայում պատրաստվում են վերանորոգել Դիարբեքիրի Սուր շրջանում 16-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ժամանակի ընթացքում ավիրվել է «ծուխ չունենալու» պատճառով։
Akunq.net–ի փոխանցմամբ ՝ Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում 3,769 քմ տարածք ունեցող սույն եկեղեցու սեփականության վկայականը պատկանում է Դիարբեքիրի Հըդըր Իլյաս Սուրբ Գրեգոս եկեղեցիների հիմնադրամին։ Դիարբեքիրի Սուրբ Սարգիսը, որի վերին հատվածը լիովին քանդված է, 1950-1985 թթ․ օգտագործվել է որպես բրնձի մշակման գործարան, դա է պատճառը, որ ժողովրդի շրջանում այն հայտնի է նաև Çeltik Kilisesi` «Բրնձի եկեղեցի» անվամբ։
Դիարբեքիրի հնագիտական թանգարանում պահպանված մի արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին։ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը անցյալ տարվա հոկտեմբեր ամսին Դիարբեքիր կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել էր նաև Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուի հետ և օրակարգ բերել 16-րդ դարի կրոնական բազմազանության խորհրդանիշներից մեկը եղող Դիարբեքիրի եկեղեցիների պահպանության անհրաժեշտության հարցը։
Այս հանդիպումից հետո, նահանգապետարանից ստացված հրահանգով, Դիարբեքիրի հուշարձանների տնօրինության կողմից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին մրցույթ էր հայտարարվել՝ եկեղեցին ճշգրիտ կերպով վերականգնելու ունակ ընկերությունների համար։