00:00:00

«Մինչև Երևանի վրա թուրքական մի երկու սնարյադ չընկնի, այս մարդիկ խելքի չեն գա». մահապարտ Եփրեմ Մարգարյան

01:29, 02 փետրվար 2022 Հասարակություն

Լուլուին հայհոյելու համար Ոստիկանություն են հրավիրել մահապարտ ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմների մասնակից Եփրեմ Մարգարյանին։ «Թեև ես անձնապես նրան չեմ ճանաչում, այնուամենայնիվ, հայհոյել եմ մի պետական պաշտոնյայի, որը Եռաբլուրում իր ցուցաբերած լկտի պահվածքի համար ուրիշ բառերի չարժանացավ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Եփրեմ Մարգարյանն ու ավելացրել. «եթե պետական պաշտոնյան իրեն իրավունք է վերապահում նման կերպով բացել բերանը մի տեղում, որտեղ ննջում են մեր ազգի սերուցքը, հերոսներ, ովքեր չխնայեցին իրենց համար ամենաթանկը՝ սեփական կյանքը, մի տեղում, որտեղ հանգչում են իմ զինակից խրամատի ընկերները, ի վերջո մի տեղում, որտեղ հարյուրավոր մայրեր և հազարավոր մարդիկ սգում են, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում նման պաշտոնյային նման կերպով ցույց տալ իր տեղը, իսկ ասածներիս համար չեմ ափսոսում»։ Խոսելով սահմաններին տիրող իրավիճակի մասին, ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը նկատում է՝ սահմանին այս պահին համեմատաբար ստաբիլ վիճակ է, այնպիսին, ինչպիսին ունեինք դեռևս անցյալ տարվա մայիսից, երբ ադրբեջանական զորքը մտավ ՀՀ սուվերեն տարածք. «Կարելի է ասել պատկերը մեծ իմաստով չի փոխվել, թեև տարվա ընթացքում մերթ ընդ մերթ ունեցանք ռազմական սադրանքներ, որոնց մեր կողմից համարժեք պատասխաններ տրվեցին։ Ինչ վերաբերում է առաջիկայում հավանական պատերազմի բռնկման վտանգին, ապա սա հերքելն ուղղակի անիմաստ է։ Տարածաշրջանն ամբողջությամբ պայթունավտանգ պատերազմի բռնկման շեմին է։ Այնպես որ, անկախ իրավիճակներից, պարբերաբար գրանցվող սրացումներից կամ համեմատաբար ստաբիլ վիճակից, մեր բանակը պետք է պատրաստ լինի պատերազմի և սա չի քննարկվում»։ Հարցին, ո՞ր պարագայում Հայաստանի և Արցախի սահմաններին կարող է նոր պատերազմ պայթել, Եփրեմ Մարգարյանը պատասխանում է՝ այս պահին ամեն ինչ կախված է ռուս – թուրքական զարգացումներից. «Ուկրաինայում իրավիճակը խիստ լարված է։ Ամեն պահի այնտեղ կարող է բախում սկսվել, որն անկասկած կվերածվի մեծ ու մասշտաբային պատերազմի։ Նորություն ասած չեմ լինի, եթե նկատեմ, որ սա կարող է ռուս - թուրքական բախման առիթ հանդիսանալ, որն, անպայմանորեն, իր ազդեցությունը կունենա նաև մեր տարածաշրջանի ու հատկապես մեր երկրի վրա։ Մենք լավ գիտենք, որ Ալիևն ինքնին անկախ սուբյեկտ չէ, նա Թուրքիայի և մասնավորապես էրդողանի հլու կամակատարն է։ Այնպես որ, եթե առաջիկա օրերին Ուկրաինայի սահմաններին ռուսական կողմի մասնակցությամբ ռազմական բախումներ սկսեն, ապա Ալիևն այս առիթը բաց չի թողնելու։ Պետք է պատրաստ լինենք պատերազմի», - ասում է ազատամարտիկը։ «Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ վիճակում է այս պահին մեր բանակը՝ սպառազինության, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածության և մարտունակության տեսակետից, արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է նոր հավանական պատերազմի Եփրեմ Մարգարյանը պատասխանում է՝ ինչպես նախկինում, այնպես նաև այսօր հայկական բանակը մարտունակության բարձր աստիճանի վրա է. «Մի հավատացեք ստահոդ լուրերին, թե մեր բանակը բարոյալքված կամ սպառված վիճակում է։ Նման բան չկա։ Ասեմ ավելին՝ եթե հենց այսօր Հայկական Զինված ուժերն ու Ադրբեջանը պատերազմ սկսեն ու, եթե անգամ այն լայն մասշտաբներ գրանցի, Հայկական Բանակը փառահեղ հաղթանակ կտոնի։ Խնդիրը միակն է՝ Ադրբեջանն այդ պատերազմին պետք է մասնակցի առանց կողմնակի պետությունների ակնհայտ օգնության՝ Թուրքիա, Պակիստան, Իսրայել և այլն։ Նորից եմ կրկնում՝ եթե այս երկու պետությունները կանգնեն դեմ դիմաց և պատերազմեն, մենք ուղղակի ջախջախիչ հաղթանակ կտոնենք և ադրբեջանական կողմը սա հիանալի կերպով գիտակցում է։ Պատահական չէ, որ Ալիևն այդքան հաճախ է հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով՝ սպառնալով «ավերել» մեզ ու մեր երկիրը։ Նա ակնհայտ վախեր ունի հավանական ռևանշի հնարավորությունից, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել պատերազմի վերջնական արդյունքների վրա»,- ասում է ազատամարտիկը։ Խոսելով վերջերս Հայոց Բանակի հիմնադրման 30- ամյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, Եփրեմ Մարգարյանը նկատում է՝ ի՞նչ տոնի մասին է խոսքը, անգամ եթե առիթը բանակի հիմնադրման տարեդարձն է. «Արդեն մեկ ու կես տարի մեր կյանքում տոն չկա, մենք տոնելու ոչինչ չունենք այս իրավիճակում։ Բանակի 30- ամյակն անձամբ ինձ համար ավելի շուտ հարգանքի տուրք էր հիշեցնում, քան տոն։ Չխոսենք այն մասին, որ թե ինչպես և ինչ ձևով իրեն դրսևորեց գործող իշխանությունը…Այստեղ բառերն ավելորդ են, ոչինչ ասել չեմ ուզում։ Միակ հույսս եղել և մնում են բանակի նվիրյալները, որոնց վրա էլ ծանրացած է պատասխանատվության ծանր բեռը, բայց նրանք ընդունակ են պատվով կատարել իրենց վստահված գործը, կասկած չունեմ»։ «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց նաև, թե ինչպե՞ս են ընթանում «Ատան» (Ազգային Տարածքների Ազատագրման Ներկաները) կազմակերպության աշխատանքները, որտեղ ռազմական գործ են յուրացնում նախաբանակային տարիքի պատանիներն ու երիտասարդները, որի շտաբի պետն է հանդիսանում Եփրեմ Մարգարյանը. «Այստեղ հրաշալի երիտասարդների սերունդ է մարզվում, ովքեր ուսումնական ողջ ծրագիրը յուրացնելուց հետո, բանակ կարող են զորակոչվել արդեն սպայական գիտելիքներին հավասար մակարդակով։ Բացի այդ, «Ատան» -ում մի սերունդ է, ովքեր չեն հարմարվել այսօրվա իրականության հետ, նրանք գիտակցում են՝ թշնամուն նվիրելու հող չունեն, իսկ կորսվածը վերադարձնելը նրանց սուրբ պարտքն է։ Ոչ ոք նրանց ստիպելով չի բերել «Ատան»՝ ձմռան սառնամանիքին, ամռան տապին կամ անձրևների տակ ռազմական գործ սովորելու։ Սա նրանց գիտակցության մեջ է։ Ինձ այլ բան է զայրացնում՝ քաղաքի տաքուկ և հարմարավետ տներում ու սրճարաններում անհոգ կյանք վայելող, պարող և զվարճացող մարդկանց չգիտակցությունը։ Նրանք ուղղակի չեն հասկանում, թե իրականում ինչ իրավիճակի մեջ են հայտնվել, ինչ սպառնալիքներ են կախված հենց իրենց, իրենց ընտանիքների ու երեխաների գլխին, ինչ խնդրի առաջ է կանգնած մեր երկիրը և թե ինչքան ծանր օրեր են մեզ դեռ սպասվում ապագայում, եթե մենք գիտակցաբար և միասնական կերպով չպայքարենք դրսի և ներսի թշնամու հետ։ Ասում եմ՝ մինչև Երևանի վրա թուրքական մի երկու սնարյադ չընկնի, այդ մարդիկ խելքի չեն գա…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր