Բոլոր այս հարցերում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշակի ժամանակ արդեն ակտիվորեն ներգրավված է։ Որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել՝ այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապի ստեղծումը, որը բավական բարձր է գնահատվում, ինչպես նաեւ՝ 2021թ․ դեկտեմբերի 19-ին ԵՄ միջնորդությամբ Բաքվից 10 հայ պահվող անձանց փոխանցումը Երեւանին։
Բացի այդ, երկրների ղեկավարությունների հետ շարունակել ենք քննարկումները նախագահ Միշելի առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են ականազերծման աշխատանքներին հավելյալ աջակցություն ցուցաբերելուն, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու միջոցով, ինչպես նաեւ` սահմանին լարվածությունը թուլացնելուն, սահմանազատման եւ սահմանագծման շուրջ քննարկումներին Եվրամիության քաղաքական ու գործնական աջակցության տրամադրմանը։ Այս բոլոր հարցերի շուրջ դրական բանակցություններ ենք ունեցել Բաքվում եւ Երեւանում։ Մենք շարունակելու ենք մեր էական ներգրավվածությունն այս ոլորտներում Հայաստանի եւ Ադրբեջանի մեր գործընկերների հետ»,- հայտնեց Կլաարը։