Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ կհանձնի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
«Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է, բնականաբար, պահելով հակահամաճարակային կանոնները։ Նախագահը պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել»,– նշեց նախագահի մամուլի քարտուղարը։
Նշենք, որ հունվարի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Նախօրեին էլ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:
Հիշեցնենք, որ հունվարի 22–ին տեղի էր ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։