2018 թվականի հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել ենք 2018 թվականին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե այդ պրոցեսը բավական դժվար է ընթացել կորոնովիրուսի, պատերազմի և ներքաղաքական ճգնաժամի պատճառով։
«Շուրջ 6 ամիս ՀՀ-ում գործում է պարեկային ոստիկանություն, և Ոստիկանության պետի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ամփոփել ենք պարեկային ոստիկանության միջանկյալ աշխատանքները և կարծում եմ, որ այդ արդյունքները արժանի են հրապարակման», - ասաց վարչապետը։
Նա նշեց, թե աշխատանքը համեմատել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատանքի հետ։
«Օրինակ՝ նախորդ ժամանակահատվածում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար 500 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 1917։ Աճը կազմել է 239 տոկոս:
Քավ լիցի, մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել։ Մեր դրական արձագանքն այն մասին է, որ մեր համոզմամբ ձևավորվել է կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։ Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամսվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, ես ռանգը նկատի ունեմ, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության», - ասաց Փաշինյանը։
Որպես օրինակ վարչապետը նշեց, թե ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։
«Սա շատ հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է Ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից», - ասաց Փաշինյանը։