00:00:00

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվեց

15:25, 17 հունվար 2022 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և ավելացնում, որ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է։ «Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի նախկին ղեկավարի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Հավելենք, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, որսորդական հրացանի փամփուշտներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր նաեւ Ուրցաձորի այն ժամանակվա համայնքապետ Ռ. Անդրեասյանը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության հետ ու գլխավորել ցուցակը։ Քվերակության արդյունքներով՝ կուսակցությունն ստացել էր ընտրողների ամենաշատ քվեները՝ 44.08 տոկոսը, ՔՊ-ն՝ 39.12 տոկոսը, «Հանրապետություն»-ը՝ 16.78 տոկոսը։ Նկատենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Չհամակերպվելով ժողովրդի ընտրության հետ՝ ՔՊ-ն ու «Հանրարպետություն» կուսակկցությունը այս համայնքում վայր դրեցին մանդատները ու մարտի 27-ին այստեղ նոր ընտրություններ պետք է տեղի ունենան։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ որոշեց ընտրողների վստահությանը չարժանացած Գարիկ Սարգսյանին նշանակել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որն էլ նախօրեին ազատել էր ընդդիմացող համայնքապետերին, նրանց թվում նոր համայնքապետ նշանակել Ուրցաձորում։ Քրեական գործ է հարուցվել նաեւ համայնքապետի դեմ, իսկ նրա որդին կալանավորվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր