00:00:00

Աղվան Հովսեփյանի գործով դատախազի ցուցումների դեմ քննիչի առարկությունները մերժվել են. Նախաքննությունը վերսկսվել է՝ դատախազի ցուցումների շրջանակներում

02:12, 08 հունվար 2022 Իրավական

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատախազի ցուցումների դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի ներկայացրած առարկությունները մերժվել են։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս դեկտեմբեր ամսին նախաքննության ավարտ էր հայտարարել՝ չկատարելով նախաքննության ընթացքում հսկողություն իրականացնող դատախազի ցուցումները։ Մասնավորապես, պաշտպանության կողմը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվեն Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» գործը նախկինում քննած քննիչները և դատախազները՝ պարզելու իսկապես այդ գործերով Հովսեփյանը ցուցումներ է տվել՝ հօգուտ Ղարիբյանի որոշումներ կայացնելու։ Սա թույլ կտար ստուգել նրա ցուցմունքների հավաստիությունը, ինչը թվում է, որ պետք է բխեր հենց նախաքննական մարմնի շահերից, եթե այդքան վստահ էին, որ Յուրա Ղարիբյանը ճշմարտացի ցուցմունքներ է տվել ու մեղադրանքը կդառնար հիմնավոր, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը։ Որոշման դեմ պաշտպանի կողմից բողոք է ներկայացվել դատախազին, որն էլ բավարարել էր բողոքը և ցուցում տրել քննիչին՝ միջնորդությամբ բարձրացված բոլոր հարցերի շուրջ քննություն կատարելու համար։ Մինչդեռ, վարույթն իրականացնող մարմինը շտապել էր նախաքննության ավարտ հայտարարել՝ առանց «Շանթի Յուրայի» գործը քննող քննիչներին և հսկող դատախազներին հարցաքննելու՝ չկատարելով դատախազի ցուցումը և գործի նյութերը տրամադրել կողմերին՝ ծանոթանալու համար։ Մինչ քննիչը դատախազին կներկայացներ մեղադրական եզրակացությունը՝ հսկող դատախազը պահանջել է գործի նյութերը և գրավոր ցուցումներով հետ ուղարկել նախաքննական մարմին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ համաձայն չեն դատախազի ցուցումների հետ և առարկություններ են ներկայացրել ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ քրեական գործով դատախազի տված ցուցումների շրջանակներում դեռևս նախաքննությունը շարունակվում է։ Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի առարկություններին, ապա վերադաս դատախազի կողմից քննարկվել են ներկայացված առարկությունները, դրանք մերժվել և համապատասխան դատավարական գործողություներ կատարելու վերաբերյալ հսկող դատախազի ցուցումը թողնվել է ուժի մեջ: «Որոշման մասին պատշաճ կարգով իրազեկվել է վարույթն իրականացնող քննիչը, և հանձնարարվել է ապահովել դատախազի՝ օրինական ցուցումի այն պահանջների կատարումը, որոնց դեմ առարկություն էր ներկայացվել»,- հայտնում են դատախազությունից: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր