Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը գերի է ընկել՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, սակայն այժմ գտնվում է կալանավայրում՝ թեև պետք է շարունակի բուժումը։

Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արամյանը ստացել է ծնկի հրազենային վնասվածք, բազմաբեկոր կոտրվածքներ, պետք է ստանա վերականգնողական բուժում, ցանկացած օր ուշացնելու դեպքում հավանականությունը մեծանում է, որ կարող է շարժողական խնդիրներ ունենալ։

Գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Ամարյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը բավարարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից։

Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից մերժվել է։ Տարեմուտին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին, ինչը ևս բավարարվել է՝ դեկտեմբերի 30-ին։ Պաշտպանը կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացրել, սակայն բողոքը նույնիսկ դեռ մակագրված չէ։

Կարապետյանը տեղեկացրեց, որ Արամյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. «Եթե մարդը հանցանք չի կատարել, կռվել է հայրենիքի համար, պաշտպանել հայրենիքը, ինչպե՞ս կարող է առաջադրված ապօրինի մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչել։ Մեղավոր չի ճանաչում, մանրամասն պատմել եղելությունը, այնպես չէ, որ հրաժարվում է ցուցմունք տալ»։

Կալանավորման հիմքում դրված է գործով անցնող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը։ Հարցին՝ որքանով է իրավաչափ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ նկատի ունենալով, որ գերությունից վերադարձած անձինք խոցելի են, ընդ որում՝ ունի վիրավորում, փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ նման հիմք ներկայացնելու դեպքում թե՛ վարույթն իրականացնող մարմինը, թե՛ դատարանը պետք է անդրադառնան փաստական տվյալների, այսինքն՝ պետք է քրեական գործի նյութերում փաստական տվյալներ լինեն, որ ողջամիտ կասկածներ լինեն՝ հնարավոր ազդեցության, մինչդեռ, նման փաստական տվյալներ քրեական գործում առհասարակ բացակայում են։

«Որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որ կարող է անօրինական ազդեցություն ունենալ։ Բացի այդ՝ անգամ եթե նման մտավախություն կա, ապա դրա շեմը շատ ցածր է։ Արամյանի հետ առնչվող անձինք գտնվել են գերության մեջ և գերության մեջ գտնվող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալն ուղղակի ծիծաղելի է։ Մարդը հո չի գնալու Բաքու, ասի, օրինակ՝ խնդրում եմ, եթե ձեզ հարցաքննեն, նման ցուցմունք կտաք, իսկ ով վերադառնում է՝ անմիջապես հարցաքննվում է և առերեսվում է Արամյանի հետ։ Այդ հիմքն ընդհանրապես բացակայում է»,- նշեց Կարապետյանը՝ զերծ մնալով մանրամասնելուց, թե ում հետ է առերեսվել Արամյանը։

Ինչ վերաբերում է հայրենադարձված գերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին և վերջիններիս ազատազրկմանը, ինչքանով դա կազդի Ադրբեջանում գտնվող ռազմագերիների հայրենադարձման վրա՝ փաստաբանը զերծ մնաց մեկնաբանելուց, քանի որ հարցը նուրբ է, ինքն ունի անձնական կարծիք, որը չի ցանկանում բարձրաձայնել՝ հաշվի առնելով պետության հեղինակությունը և Ադրբեջանում գտնվող գերիների ճակատագիրը։

Այդուհանդերձ փաստաբանը զարմանալի համարեց նման վերաբերմունքը վերադարձած գերիների նկատմամբ. եթե որոշ հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն կա՝ թող պարզեն, բայց ինչու են ամենախիստ խափանման միջոցն ընտրում։

Նշենք, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Արամյանի վիճակը վատացել է։ Պաշտպանը դիմում է ներկայացրել՝ խնդրելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչից հետո Արամյանը «Էրեբունի» ԲԿ-ում հետազոտություն է անցել, սակայն պատասխանը դեռևս չի ստացվել։ Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր երկու օրը մեկ պետք է փոփոխել վիրակապը, սակայն կալանավայրում վիրակապը փոխում են մոտ մեկ շաբաթվա ընթացքում։