Հիմա շատ բարդ է խոսել Ղազախստանի իրավիճակի մասին, ակնհայտ է, որ ցանկացածս շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ ՀԱՊԿ անդամ երկրում իրավիճակը կայունանա։ Այս մասին 24News-ին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին ղեկավար Էդուարդ Շարմազանովը։

Երեկ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևն Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացրել, որում երկրում ընթացող անկարգությունների և բողոքի ցույցերի հետ կապված դիմել է ՀԱՊԿ ղեկավարներին՝ աջակցելու Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում»։ Այսօր արդեն Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:

Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ ճակատագրի հեգնանքն այն է, որ այդ ուժերն ուղարկելու փաստաթուղթը նոմինալ առումով կազմում է Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ-ն ունի իր կանոնադրությունը և գործում է դրան համապատասխան։ Առաջին զավեշտն այն է, որ նոմինալ կերպով Նիկոլի ձեռքով է արվում այս ամենը։ Երկրորդը, մի բան ակնհայտ դարձավ, որ եթե ՀԱՊԿ-ին գրավոր, համապատասխան ընթացակարգով դիմում են, ՀԱՊԿ-ը բավականին օպերատիվ արձագանքում է։ Երբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից տեղի էր ունենում ոտնձգություն, նիկոլական պատգամավորները, Անվտանգության խորհրդի քարտուղարը ցեխ էին շպրտում ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի վրա, բայց այդպես էլ որոշում չկարողացան կայացնել գրավոր դիմելու համար։ Ընդամենը մի հատ նամակ էր պետք գրել, ինքը չգրեց։ Մի հատ նամակ, մեր հասարակությունն այդ հարցը պետք է տա, ոչ թե ինչպես եղավ, այլ՝ «Ընգե՛ր, Տոկաևը դիմում է, մի ժամ հետո դու ստորագրում ես, բա դու ինչի՞ համար չես դիմել, երբ որ ասում էիր ագրեսիա է Հայաստանի վրա, բա ինչի՞ չես դիմել ՀԱՊԿ-ին, գրավոր ինչի՞ չես դիմել կամ պատերազմի ժամանակ դիմելու դեպքում էլ, սխա՞լ հոդվածներով ես դիմում»», — նշեց քաղաքական գործիչը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, ապա ըստ Շարմազանովի՝ Փաշինյանին ինչ թելադրել են, դա էլ արել է։ «Իմ տպավորությամբ ռուսերեն բանավոր են թելադրել, արդյունքում նրա ֆեյսբուքյան էջի գրառման նախնական տարբերակը տառասխալներով է եղել։ Ինքը ֆորմալ բնույթ ունի, նոմինալ է, ինքն ուրիշ ի՞նչ պետք է անի։ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ՀԱՊԿ կանոնադրությամբ առաջնորդվեն։ Ինչի՞ որ Նիկոլը Սիրիա ինժեներական զորքեր էր ուղարկում, «հրապարակի» վարչապետերի հետ քննարկե՞լ է։ Թող Նիկոլ Փաշինյանի անձը չգերագնահատեն, ինքն ինքնիշխան գործիչ չէ․ եթե նրա իշխանությանը պետք է, կդառնա ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի ամենամոլի պաշտպանը, եթե պետք է, կլինի ՀԱՊԿ-ի ամենամոլի քննադատը։ Եթե աշխարհաքաղաքական իրավիճակն այլ կերպ գնա, չեմ բացառում, որ կանգնի, ասի՝ «Դե Մոսկվայից զանգին, ասին, ես էլ գրեցի», այլ ձևով գնա՝ «Տեսեք, ես արեցի»»։

«Երբ 2020 թվականին ՀԱՊԿ անդամ որոշ թյուրքալեզու պետություններ, այդ թվում՝ Ղազախստանը, շնորհավորեցին Ադրեբջանին 44-օրյա պատերազմի հաղթանակի համար, Նիկոլ Փաշինյանը որևէ ծպտուն չհանեց։ Եվ այդ քայլը [շնորհավորելը] «Եդինայա Ռոսիա»-ի միջազգային կոնֆերանսի ժամանակ քննադատեց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ պաշպանել Հայաստանի, հայության շահը, Հայաստանի ձայնը լսելի դարձնել նույնիսկ իր դաշնակից գործընկերների մոտ», — նշեց Շարմազանովը։

«Ամբողջ աբսուրդը նրա մեջ է, որ 41 քառակուսի կիլոմետր երկրից գրավել են, Փաշինյանը նամակ չի գրում ՀԱՊԿ-ին, զինվորներին հրահանգ չի տալիս թուրքերին լարել մեր սահմաններից, բայց դաշնակից պետության հարցերով խորը մտահոգվա՞ծ ա։ Խնդիրը ՀԱՊԿ-ի մեջ չէ, դիմողի մեջ է, եթե դիմում են, լավ էլ օգնում է», — եզրափակեց ԱԺ նախկին փոխնախագահը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, խաղաղապահ առաքելություն են ուղարկել Ղազախստան, որոնք կմասնակցեն պետական և պաշտպանական օբյեկտների պահպանությանը և կօգնեն իրավապահներին: Ղազախստանում անկարգություններ են, ցուցարարները բողոքում են հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ: