00:00:00

«Այն, ինչ այսօր ստանում ենք Հայաստանի իշխանությունների կողմից՝ մտահոգիչ է և մեր ժողովրդի մոտ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս». Արցախի թեմի առաջնորդ

03:02, 06 հունվար 2022 Հասարակություն

168.amի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ամփոփելով 2021 թվականը՝ նշեց, որ տարին ուսումնասիրության, կայունացման տարի էր։ «2021 թվականին մենք կարողացանք համախմբել մեր ամբողջ արխիվը։ Ինչպես գիտեք, պատերազմից առաջ Արցախի թեմի առաջնորդարանը գտնվում էր Շուշիում, մեր ամբողջ սրբությունները և արխիվը մնացել էր այնտեղ։ Մենք հիմա այդ ամբողջը վերականգնում ենք, հսկայածավալ աշխատանք ենք կատարել։ Նաև մեր եկեղեցիների վկայականների վավերացման գործընթացն ենք սկսել, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում, պետք է այդ ամենը թվայնացնեինք, դրանից հետո այդ եկեղեցիներն արդեն կունենան իրենց անձնագրերն ու վկայականները։ Այդ ամբողջ ընթացքում մեր հոգևորականներն օկուպացրած տարածքների հոգևոր կենտրոններից դուրս են մնացել, նոր աշխատատեղեր ու ծխեր պետք է պատրաստվեին իրենց համար, նոր նշանակումներ արվեին։ Այսինքն՝ տեղի է ունեցել բավականին լուրջ գործընթաց, զուտ վերականգնողական իմաստով։ Որպեսզի այդ ամենը լիարժեք լիներ, անշուշտ, նաև այդ նյութական ապահովումը պետք է լիներ, ինչը շատ կարևոր էր, որովհետև թեմում ոչ միայն հոգևորականներ են ծառայում, այլև աշխարհիկ մարդիկ։ Ասել, որ 2021 թվականին մենք լիարժեք իրականացրել ենք մեր ծրագրերը, փոքր-ինչ մեծամտություն կլինի, բայց կատարեցինք մեր ուժերի ներածին չափով, փոքր քանակով մենք կարողացանք նշմարելի դարձնել թեմի աշխատանքները։ Կարծում եմ՝ 2022 թվականին ավելի շեշտադրված կլինի հոգևոր քարոզչական ծառայությունը»,- նշեց Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է 2022 թվականից ունեցած սպասելիքներին, Արցախի թեմի առաջնորդը նկատեց. «Այն, ինչ մենք այսօր ստանում ենք Հայաստանի իշխանությունների կողմից՝ մտահոգիչ է և մեր ժողովրդի մոտ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս, մարդիկ արդեն սկսում են այդպես մտածել։ Այն, ինչը մենք սերմանել ենք այս 30 տարիների ընթացքում՝ Արցախյան շարժում, ինքնորոշում, պետականություն, այս կարևոր կառույցները, որոնք մեր նահատակների արյան գնով ու մեր զոհողություններով կարողացել ենք ձևակերպել Արցախի Հանրապետություն, կարծես թե այդ ձևակերպումներն անապատից եկող ինչ-որ անտեսանելի քամի ուզում է ոչնչացնել։ Այս ամենով հանդերձ, ժողովրդի մոտ պետք է կայունության և Արցախում ապրելու շեշտադրումը մշտապես դրվի»։ Նա ընդգծեց, որ 2022 թվականին արցախահայությունը պետք է շարունակի ապրել Արցախում և շարունակի ավելի շեշտադրել Արցախի ինքնահռչակումը։ Եվ ավելի կայուն լինի ժողովրդի հոգևոր ու ֆիզիկական անվտանգության ապահովման գործը։
«Եթե մենք կարողանանք այս ամենն ապահովել՝ մեր ժողովրդի ինքնությունը, հոգևոր ու ֆիզիկական անվտանգությունը, կնշանակի՝ մենք իրավունք ունենք կոչվելու և՛ հոգևոր առաջնորդ, և՛ հայ ապրել ու արարել։ Այս տարի Ամանորը սկսել ենք սահմանում կանգնած մեր զինվորներին այցելելով՝ մեր զինվորներին փոխանցելով հոգևոր խաղաղություն, որպեսզի իրենք իրենց հոգեպես խաղաղ զգան։ Վստահ ենք, որ մեր տղաները կայուն կանգնած են այս մնացորդաց վրա, որը կա Արցախից։ Իսկ դրանից հետո եկանք եկեղեցի, որտեղ ունեցանք հետաքրքիր արարողություններ՝ սկսած Նռանօրհնեքից, որը խորհրդանշում է մեր ապրելն ու հարատևելը։ Իսկ ժամը 24։00-ին էլ տվեցի իմ հայրապետական մաղթանքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր