00:00:00

Քաղաքական հետապնդման հերթական փորձ․ Մարգարյանի փաստաբանը՝ քրգործի մասին

19:54, 03 հունվար 2022 Իրավական

«Քրեական գործը հարուցվել է դեռևս 2018 թվականին, և ըստ էության երեք տարուց ավել քննել են և որոշեցին ուղարկել դատարան»,- Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննության ավարտին և տարածած հաղորդագրությանը, ասաց Տարոն Մարգարյանի շահերի պաշտպան, փաստաբան Բենիկ Գալստյանը։ «Մեղադրանքը իրենից որեւէ բան չի ներկայացնում, մեղադրանքի մեջ ներկայացված որոշակի հանգամանքներ ուղղակի քրեական գործից չի բխում, թե Տարոն Մարգարյանի մերձավորների հետ կապված, թե Տարոն Մարգարյանի մտերիմների հետ կապված, նման տվյալներ քրեական գործում առկա չէ։ Մեղադրանքն էլ առաջադրված է լիազորությունները չարաշահելու հիմքով, այսինքն առնվազն պետք է որոշակի լիազորություն լիներ, որ պարոն Մարգարյանը պետք է չարաշահած լիներ օրենքով նախատեսված որոշակի լիազորությունները պարոն Մարգարյանը պետք է չարաշահեր։ Հիմա մենք նման դեպք չունենք, այսինքն քննչական մարմինը չի նշում, որ լիազորությունն է պարոն Մարգարյանն իրականացրել հակառակ ծառայողական շահերին»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ քրեական գործում չկա անգամ հստակեցում, թե ինչ գործողություն է իրականացրել Տարոն Մարգարյանը, որը բերել է ինչ-որ հետևանքի։ «Հետևանքի ու արարքի միջև կապ չկա, ինձ համար որպես իրավաբանի անհասկանալի է, նշված անշարժ գույքի աճուրդում արված վաճառքն է համարվո՞ւմ հանցավոր հետևանքի առաջացում, նշված անշարժ գույքի առանձնացո՞ւմն է համարվում հանցավոր արարք, կամ հետևանք, բոլորը հստակեցված չեն»,- նկատում է փաստաբանը, շեշտելով, որ այս ամենը լուրջ հարցեր են։ Ըստ Բենիկ Գալստյանի՝ կոնկրետ Տարոն Մարգարյանի մասով նշված չէ, թե ինչքը ինչ գործողություն պետք է իրականացներ, որը չի իրականացրել, կամ իրականացրել է՝ հակառակ ծառայողական շահերի, բացի այդ նշված չէ, թե նպատակը ո՞րն էր։ «Էնտեղ նշում են սանիկ, մտերիմ և այլն, ես ձեզ հավաստիացնում եմ քրեական գործում նման նյութեր առկա չեն»,- ասաց փաստաբանը։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու՞ նախաքննություն իրականացնող մարմինը այլ բան է հայտնում, Բենիկ Գալստյանը առաջարկեց պարզաբանում ստանալ այդ մարմնից։ Նշենք, որ ըստ հաղորդագրության Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների այս գործողությունների հետևանքով Երևան համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՈԱԿ-ին զրկելով փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից: Irakanum.am- ը կապ հաստատեց նաև Տարոն Մարգարյանի օգնական՝ Արթուր Գևորգյանի հետ.-«Քանի որ արդեն ստացել եք պարոն Մարգարյանի փաստաբանի մեկնաբանությունը, կարծում եմ ինքներդ էլ համոզվել եք, որ տվյալ այսպես կոչված գործն ուղղակի անհեթեթություն է և ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդման հերթական փորձ»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր