00:00:00

Հայտնի է Կարեն Եսայանի մոր սպանության դրդապատճառը. կասկածյալը Երեւանի բնակիչ է, նա խոստովանական ցուցմունք է տվել

14:54, 29 դեկտեմբեր 2021 Իրավական

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի՝ Կարեն Եսայանի մոր սպանության գործը բացահայտվել է, կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա: Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերեց 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվեցին կտրած վերքեր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Բերման ենթարկվածը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք։ Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել էր 2012 թվականին՝ իր նշանադրության օրը։ Կարեն Եսայանը նշանադրվում էր Վարդան Ղուկասյանի դստեր հետ։ ԱՄՆ-ում բնակվող Եսայանը ամուսնանալու նպատակով էր եկել Գյումրի: Նրա սպանությունից անմիջապես հետո Հարություն Սարգսյանը ձերբակալվել էր: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, սպանության շարժառիթը եղել է Կարեն Եսայանի հարսնացուի` Մանյա Ղուկասյանի նկատմամբ Հարություն Սարգսյանի համակրանքը: Ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, Հարություն Սարգսյանը ցանկացել է ամուսնանալ այդ աղջկա հետ, սակայն տեղեկանալով, որ Մանյա Ղուկասյանը այլ անձի հետ է ամուսնանում, որոշել է վրեժխնդիր լինել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր