«Ալիևը հարավկովկասյան խաղի վարպետն է, Էրդողանը, Պուտինը, ԵՄ-ն լռում են, իսկ տղաները (ՀՀ իշխանությունները.- Ա.Մ. ) «բազարից» են, մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է՝ ձմերուկներ վաճառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսում հնչեցված աղմկահարույց հայտարարություններից հետո Հայաստան-Արցախ տարաձայնություններին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում «երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը»:
«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել՝ որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: Բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն»,- նշել էր Փաշինյանը: