Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) հերթական աղաղակող ապօրինությունն է տեղի ունեցել, իսկ թե ինչու և ինչ նպատակով, թերևս, իրավապահ մարմինների ուսումնասիրության տիրույթում է:
168.am-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ ՇՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի առկա ուսուցման բաժնի առաջին կուրսում ուսանող է հայտնվել և անհետացել: Մեր աղբյուրները նաև տեղեկությունը հաստատող լուսանկար են ուղարկել:
Բանն այն է, որ այս ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ փաստորեն այդ կուրսում սովորել է 15 ուսանող, որոնց թվում՝ երկվորյակ քույրեր՝ Մերի և Սուսաննա Հովհաննիսյաններ:
«Այս ուսանողուհիները ակտիվորեն մասնակցել են դասերին, ունեցել են ակտիվություն և բացակայություններ, մասնակցել են առաջին կիսամյակի միջանկյալ քննություններին, ամփոփիչ քննություններին, ստացել են գնահատականներ, սակայն տարեվերջից օրեր առաջ տեղի է ունենում «հրաշք». Քույրերից մեկի անունն «անհետանում է» դասամատյանից:
Վերը բերված լուսանկարի ձախ մասում, որն արված է դեկտեմբերի 21-ին, Մերի Հովհաննիսյանի անունը կա, իսկ արդեն դեկտեմբերի 23-ին արված աջ լուսանկարում վերջինիս անունը վերցված է շրջանակի մեջ, ինչը նշանակում է, որ նման անունով ուսանողուհի այդ կուրսում չկա:
Հարց է առաջանում, եթե անձը ուսանող չէ, ինչպե՞ս է նա գրանցվել պաշտոնական փաստաթուղթ համարվող մատյանում, ինչպե՞ս է նրան թույլ տրվել մասնակցել դասերին, քննություններին, այդ թվում՝ միջանկյալ և ամփոփիչ, սեմինարներին, և հիմա տառացիորեն կիսամյակի վերջում պարզվում է, որ նա ուսանող չէ:
Մատյանների մեջ ընդգրկվում են այն ուսանողները, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին և մինչև սեպտեմբերի 15-ը մուծում են առաջին կիսամյակի վարձավճարն ամբողջությամբ, որից հետո հրամանագրվում են որպես ուսանող: