Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա արժեհամակարգը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը։ Մինչ բովանդակային անդրադարձը, նշեմ, որ անկախ նրանից՝ Փաշինյանն այդ արտահայտություններն արել է մտածված (պայմանավորված) կամ ինչպես միշտ՝ առանց հետևանքների մասին մտածելու, սա ծննդյան կապակցությամբ արված նվեր էր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ Ալիևին, որը նույն օրն օկուպացված Հադրութում ռազմական նոր միավոր էր հիմնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «
Այստեղ պատահական ոչինչ չկար, սա մինչ այդ ասված մտքերի, խեղաթյուրման, մանիպուլյացիայի հանցավոր շղթայի շարունակությունն էր: Հիշեք նույն հանրաքվեի հետ կապված Փաշինյանի հայտարարությունները, հիշեք այս իբրև թե բացահայտումները, որոնց մասին դեռ ԱԺ-ում էր խոսում Փաշինյանը։ Այս մանիպուլյացիաներն ու բանակցային գործընթացի պատմությունը խեղաղթյուրված ներկայացնելը նոր չէ։ Բայց ես մեկ այլ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեի։ Պարզ է, չէ՞, որ այն, ինչ այստեղ մեր հանրության համար հայտարարում է Փաշինյանը, լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս, և, միաժամանակ, նա նույնը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ շփումներում։ Եվ թերևս Հայաստանի վարչապետի հենց այսպիսի դիրքորոշումն է պատճառը, կամ պատճառներից մեկը, որ միջազգային փաստաթղթերից աստիճանաբար դուրս են գալիս Արցախի կարգավիճակին, դեօկուպացիային, արցախահայության անվտանգության երաշխիքներին առնչվող կարևորագույն հարցերը։ Եվ սա իսկապես լուրջ մարտահրավեր է մեզ համար։