Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, բարերարների հետ միասին, ամանորյա տոների շրջանակում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում  մեկ օրում միաժամանակ 10-ից ավել մարդասիրական ակցիաներ են անցկացվել։ Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել եւ նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների եւ դպրոցների ավելի քան 1700 երեխաների։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր ռուսական խաղաղապահ զորախումբն ամանորյա ակցիա է կազմակերպել Ասկերանի շրջանում՝ Ասկերան քաղաքում։ Հազար յոթ հարյուր երեխա ամանորյա նվերներ, խաղալիքներ, քաղցրավենիք է ստացել։ Նաեւ իմ երախտագիտությունն եմ հայտնում փոքրիկներին ամանորյա կախարդական ցերեկույթի համար։ Վաղը Ասկերանի շրջանում ամանորյա ակցիաները կշարունակվեն»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Երեխաները եւ դպրոցների ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին եւ բարերարներին մարդասիրական օգնության, խաղալիքների եւ ամանորյա փաթեթների համար։

«Այսօր ռուս խաղաղապահները եկան մեզ մոտ եւ Ամանորի նվերներ հանձնեցին։ Շնորհակալ ենք նվերների համար եւ շնորհավոր գալիք Նոր տարի»,- ասել է Ասկերանի դպրոցի աշակերտ Գոռ Աղաբաբյանը։

Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կիրականացնեն շուրջ 70 բարեգործական միջոցառում եւ նվերներ կհանձնեն Լեռնային Ղարաբաղի  սահմանամերձ հեռավոր շրջանների շուրջ 8000 երեխաների:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երեւան է հասցվել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռների հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից եւ բեռնվել ռազմական ինքնաթիռը Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում։ Այնուհետեւ Երեւանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Լեռնային Ղարաբաղ։