Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:50–ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում բախվել են 29-ամյա Վարդան Պողոսանի վարած Honda  Accord մակնիշի, 24-ամյա Դավիթ Միսակյանի վարած  Hyundai Elantra  մակնիշի, 33-ամյա Աշոտ Աշուղաթոյանի վարած  Hyundai Accent մակնիշի և 31-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած  Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները:

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները  չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը  փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից  ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային  ծառայությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Սարալանջ բարձրանալիս դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված ավտոմեքենաներին, իսկ  Mercedes-ի գազաբալոնը հարվածից պոկվել ու շպրտվել է մոտ 40 մետր:

Mercedes-ի վարորդին առաջինն օգնություն ցուցաբերողներից են եղել «Անվտանգ երթևեկություն»  ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը: