ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել էին՝ ավարտվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ին պատկանող անշարժ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քննվող քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սույն քրեական գործով մյուս մեղադրյալ Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշվում էր ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը 168․am-ի հետ զրույցում իր պաշտպանյալի հետախուզման մասին այս տեղեկությունը մանիպուլյացիա որակեց՝ մանրամասնելով.

«Հետախուզումը հայտարարված էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ կալանքի միջնորդությամբ մտել էին դատարան, սակայն դատարանի կողմից մերժվել էր: Վերաքննիչ դատարանն այս որոշումը թողել էր նույնը, սակայն Վճռաբեկ դատարանն ապօրինաբար բեկանել է և հետ է ուղարկել հիմքերի մասով նոր քննության:

Այդ ընթացքում մենք բողոքարկել էինք նաև հետախուզում հայտարարելու մասին որոշումը, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբեր ամսվա որոշման հիման վրա վերացվել է, և ճանաչվել է Հասմիկ Պողոսյանի իրավունքի ակնհայտ և էական խախտում: Եվ այս պահի դրությամբ նշել, որ Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված դատարանի նման որոշման առկայության պայմաններում՝ նախաքննական մարմնի մանիպուլյացիան է՝ ընդամենը հանրային որոշակի շրջանակների ականջներին «լապշա կախելու» համար, որպեսզի փորձեն ձեռք բերել էժանագին հեղինակություն, թե նայեք՝ ինչ գործեր ենք քննում, ում նկատմամբ՝ ինչ ենք արել»:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Հասմիկ Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում է, և վարույթ իրականացնող մարմնին հայտնի է նրա գտնվելու վայրը, հասցեն:

«Ինքն ամբողջ տեղեկությունները տրամադրել է քննչական մարմնին, և այդ մեկ տարվա մեջ բացարձակ անգործություն է դրսևորվել այդ մասով ևս, նույնիսկ միջնորդել ենք, որ պատրաստ ենք հեռակա կարգով մասնակցել քննչական գործողությունների: Այսինքն՝ Հասմիկ Պողոսյանը որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը, ընդհակառակը՝ իր ներկայությունն ամեն կերպ փորձել է ապահովել (թեկուզև հարգելի պատճառներով չի կարողանա անձամբ ներկայանալ ՀՀ-ում իրականացվող քննությանը): Այս պայմաններում դիմել նման քայլի՝ համարում եմ այս իշխանությունների շատ տիպիկ և առհասարակ Քրեական Դատավարության օրենսգրքի հետ առնչություն և կապ չունեցող քննության վիճակ»,– ասաց Գեորգի Մելիքյանը։