00:00:00

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրգործ

23:09, 13 դեկտեմբեր 2021 Իրավական

Գեղարքունիքի մարզի բնակչուհի Գ. Մ.-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 09.12.2021 թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ: Մասնավորապես, Գ. Մ.-ն հաղորդում է տվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների նախորդ օրը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար իրեն առաջարկել են 60.000 ՀՀ դրամ կաշառք, որը մերժել է: Վերը նշված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: Ընտրակաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Արա Իսրայելյանը, հանդիսանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Իջևանի երիտասարդական կառույցի ղեկավարը և որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված լինելով հիշյալ կուսակցության ցուցակում, հունիսի 20-ին անցկացված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին վերոնշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար Արման Էլլարյանին տվել է 51.300 ՀՀ դրամ գումարին համարժեք 100 ԱՄՆ դոլար կաշառք: Ընտրողին կաշառք տալու համար Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Էլլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընտրակաշառք ստանալու համար: Ա.Իսրայելյանի և Ա. Էլլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր