00:00:00

ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի Իրանի հետ բանակցությունները. Իսրայելի վարչապետն՝ ԱՄՆ պետքարտուղարին

00:09, 03 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները, հայտնում է Times of Israel-ը։ Հինգշաբթի Բենեթը զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ՝ հիմնականում կենտրոնանալով իրանական բանակցությունների վրա, ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ: Բենեթը Բլինքենին ասել է, որ Իրանը օգտագործում է «միջուկային շանտաժը» որպես մարտավարություն, և, հետևաբար, Միացյալ Նահանգները պետք է նախաձեռնի «բանակցությունների անհապաղ դադարեցում»։ Իսրայելի վարչապետի գրասենյակի համաձայն՝ Բլինկենը Բենեթին պատմել է ամիսների դադարից հետո այս շաբաթվա սկզբին Վիեննայում մեկնարկած բանակցությունների նոր զարգացումների մասին: Հեռախոսազրույցում Բենեթը վկայակոչել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը, ըստ որի՝ Իրանը վերջերս սկսել է 20% մաքրության ուրանի հարստացում առաջադեմ ցենտրիֆուգներով իր «Ֆորդո» օբյեկտում: Բենեթը Բլինկենին ասել է, որ 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալու փոխարեն, որից Միացյալ Նահանգները դուրս է եկել 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի օրոք, Իրանի դեմ «կոնկրետ քայլերը» պետք է «ձեռնարկվեն խոշոր տերությունների կողմից»: ԱՄՆ-ն անուղղակիորեն մասնակցում է Վիեննայում Թեհրանի հետ վերսկսված բանակցություններին։ Բայդենի վարչակազմը բազմիցս կրկնել է 2015 թվականի համաձայնագրին վերադառնալու իր ցանկությունը, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որից նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել: Դրանից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն սկսել է վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Իսրայելը երկար ժամանակ շարունակ դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի՝ նախնական գործարքի պայմաններին վերադառնալու ծրագրերին: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը պատրաստվում է հաջորդ շաբաթ մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ: Հինգշաբթի առավոտյան Գանցը Ynet-ին ասել է, որ իր այցի հիմնական նպատակն է քննարկել իրանական հարցը, և որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, «իրենք պետք է պատրաստվենք այլընտրանքներին»: Չորեքշաբթի Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Իսրայելը լարվածություն է հրահրում վերջերս վերսկսված բանակցությունների ընթացքում։ «Իսրայելական ռեժիմը թունավորում է Վիեննայի բանակցությունները», - գրել է Ղաթիբզադեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր