Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զայրույթով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակին, որում Մեծ Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիայի իշխանություններին կոչ էր արել հետ տանել Լա Մանշ նեղուցով դեպի Բրիտանիա շարժվող փախստականներին:

Այդ մասին հայտնում է բրիտանական BBC-ն:

Մակրոնի խոսքով՝ Բորիս Ջոնսոնի «Սիրելի Էմանուել» վերտառությամբ նամակը անլրջության գագաթնակետն է չորեքշաբթի օրը նեղուցում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ 27 փախստական, դեպի Բրիտանիայի ափերը շարժվելիս, խեղդվել էին ծովում:

«Երկու օր առաջ ես լրջորեն եմ խոսել վարչապետ Ջոնսոնի հետ և կշարունակեմ նույն գործելաոճով՝ ինչպես անում եմ բոլոր երկրների և բոլոր առաջնորդների հետ: Անլուրջ մեթոդներն ինձ զարմացնում են: Մեզ մոտ առաջնորդները մեկը մյուսի հետ «Թվիթեր»-ով և հրապարակային նամակներով չեն հաղորդակցվում: Մենք իրազեկիչներ («սուլիչ փչող») չենք: Վե՛րջ տվեք», — «Գարդիան»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մակրոնը:

Բորիս Ջոնսոնի նամակից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը հայտնել է իր բրիտանացի գործընկերոջը՝ Պրիտի Պատելին, որ վերջինի հրավերը կիրակի օրը՝ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայում կայանալիք հանդիպմանը չեղարկվում է: