Եվրամիությունը մտահոգված է կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալով, որը հայտնաբերվել է նոյեմբերի կեսերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հայտնում է Euronews-ը:

Եվրոպայում հարավաֆրիկյան շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է Բելգիայում։ Կորոնավիրուսի այս տարբերակի ուսումնասիրությունները դեռևս գտնվում են վաղ փուլում, սակայն մասնագետները կարծում են, որ այն կարող է վարակել նաև գոյություն ունեցող պատվաստանյութերով պատվաստված մարդկանց:

Եվրամիության երկրները հավանություն են տվել Հարավային Աֆրիկայի յոթ երկրներից՝ ՀԱՀ-ից, Բոթսվանայից, Զիմբաբվեից, Լեսոտոյից, Նամիբիայից, Մոզամբիկից և Սվազիլենդից ԵՄ մուտքի սահմանափակումներ մտցնելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին: Իսկ Միացյալ Թագավորության իշխանությունները դադարեցնել են այդ երկրների հետ ավիահաղորդակցությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի էվոլյուցիայի հարցերով տեխնիկական խորհրդատվական խմբի նիստ է անցկացրել և հարավաֆրիկյան շտամը ներառել է կորոնավիրուսի՝ «անհանգստություն առաջացնող տարբերակների» խմբում: Շտամն անվանվել է օմիկրոն անունով: