00:00:00

Մեղադրանք է առաջադրվել «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենին. Գլխավոր Դատախազություն

20:29, 20 նոյեմբեր 2021 Իրավական

ՀՀ Շիրակի մարզի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ա․ Ա․-ն, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Մասնավորապես, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ի հետ, ղեկավար պաշտոնով պայմանավորված իր դիրքը և հեղինակությունն օգտագործելու եղանակով 2021թ. սեպտեմբեր ամսին, չպարզված օրը, վերջինիս հանձնարարել է կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ «COVID-19» հիվանդության դեմ պատաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։
Հ․Կ․-ն, տալով իր համաձայնությունը նշված անձանց օգտին իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ ու ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրել է շրջանառության մեջ։ Այդ գործողությունների հետևանքով փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ: Բացի այդ, «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենը բուժկենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող անձի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո՝ 2019թ. հոկտեմբերի 31-ին, վերջինիս ազգականի կողմից վերադարձված 40 սրվակ և 15 դեղապատիճ «Տրամադոլ» տեսակի դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 30 սրվակ՝ ընդհանուր 60 գրամ քաշով հոգեմետ նյութ։ Այն հայտնաբերվել և վերցվել է 2021թ. հոկտեմբերի 12-ին վերջինիս աշխատասենյակում կատարված խուզարկությամբ։
19.11.2021թ. որոշում է կայացվել Ա․ Ա․-ին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցներին։ Նույն օրը բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է։ Որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 20.11.2021թ. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Նշված քրեական գործով տարբեր անձանց վերաբերյալ «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ կազմելու և տրամադրելու, այդ գործողություններին օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նշված բուժկենտրոնի ընդհանուր ևս 9 աշխատակից, որոնցից 2-ը կալանավորված է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր