00:00:00

Ադրբեջանի և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

00:48, 17 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը: ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր