00:00:00

Բայդենը վստահ է, որ կարող է անկեղծ երկխոսություն ունենալ Սի Ցզինպինի հետ

14:19, 16 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ կարող է անկեղծ երկխոսություն վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն իր «հին ընկերը» չի համարում նրան։ Նման հայտարարությամբ ԱՄՆ-Չինաստան առցանց գագաթնաժողովի նախօրեին հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կարծում եմ՝ կարող եմ հաստատել, որ նա (ԱՄՆ առաջնորդը) դեռ նրան (իր չինացի գործընկերոջը) իր հին ընկերը չի համարում։ Այնպես որ, այստեղ հետեւողականությունը պահպանվում է»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ: Այնուամենայնիվ, նա հիշեցրել է, որ Բայդենը նախկինում նշել էր, որ բազմիցս դեմ առ դեմ հանդիպել է Սի Ցզինպինի հետ: «Եվ այդ կապակցությամբ նախագահը [Բայդենը] կարծում է, որ կարող է անկեղծ քննարկումներ ունենալ Սի Ցզինպինի հետ, որ կարող է ուղղակիորեն քննարկել նրա հետ այն ոլորտները, որոնց վերաբերյալ մենք մտահոգություններ ունենք՝ լինի դա անվտանգության, տնտեսական, թե մարդու իրավունքների հարցեր։ Եվ նա (Բայդենը), իհարկե, դա կանի այսօր երեկոյան նախատեսված զանգի ժամանակ»,- ասել է Փսակին։ Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ նախագահը պատրաստվում է առցանց գագաթնաժողովի ժամանակ խոսել այն ոլորտների մասին, որոնցում Վաշինգտոնն ու Պեկինը կարող են «միասին աշխատել», որտեղ երկկողմ համագործակցության հնարավորություններ կան։ Ինչպես ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Բայդենը պատրաստվում է Սի Ցզինպինի հետ խոսել անկեղծ ու շիտակ։ Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկումները հատկապես կարեւոր են Սի Ցզինպինի ձեռքում «Չինաստանում իշխանության կենտրոնացման» պատճառով։ ԱՄՆ կառավարության տեսանկյունից, հավելել է նա, երկու առաջնորդների միջեւ երկխոսությունն այն «ինտենսիվ դիվանագիտության» «առանցքային մասն է», որը ԱՄՆ-ն ցանկանում է վարել Չինաստանի հետ: Սի Ցզինպինի հետ նախկին փոխգործակցության փորձը Բայդենին թույլ է տալիս «արդյունավետորեն զբաղվել դրանով», ասել է Փսակին: Սպիտակ տան մամուլի քարտուղարը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին` արդյոք Միացյալ Նահանգները դիտարկում են Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի գաղափարը։ Նա վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները չգիտեն` արդյոք Սի Ցզինպինը Բայդենին կհրավիրի Օլիմպիական խաղերին առցանց գագաթնաժողովի ժամանակ։ 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-ից 13-ը։ Սպիտակ տան կողմից տարածված Բայդենի աշխատանքային գրաֆիկի համաձայն՝ առաջիկա ժամերին կկայանա ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարների վիրտուալ հանդիպումը։ Փսակիի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առցանց գագաթնաժողովը կտեւի մի քանի ժամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր