Hetq.am-ը գրում է․
Զգուշացում․ հոդվածում դաժան նկարագրություններ կան
Գերի ընկած որդու գլխատված դին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են: Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան, սակայն արցախյան պատերազմն ընդհատեց նրա կենսագրությունը:
«Գագիկը 6 տարեկանից մեծացել է Ռուսաստանում: Սկզբում տատիկ-պապիկի մոտ էր մնում, մինչեւ որ ես էլ կարողացա տեղափոխվել: Մենք իրեն հայրենասեր ենք մեծացրել: Ինքը հայերեն գրել-կարդալ չգիտեր, բայց շատ լավ խոսում էր: Լիքը հայ ընկերներ ուներ Գյումրիում: Շատ ընկերասեր երեխա էր՝ հասնող, օգնող, հոգատար,- ասում է Լուսինե Դարբինյանը:- Գագիկս տղայի՝ հարց լուծող տեսակն էր, ռուսներն ասում էին՝ шустрый малый, ու էնտեղի իր ռուս ընկերներն էլ էին իրեն շատ սիրում: Ես ամուսնալուծվել եմ, երբ Գագիկը մեկ տարեկան երեք ամսական էր: Տանջանքով, չարչարանքով եմ մեծացրել, ու հիմա չկա»:
19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ.-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք: Մայրը պատմում է, որ տղայի մեկնումը 2020թ.-ի օգոստոսին եղել է շատ հապճեպ: Գագիկը միանգամից որոշել է, որ պիտի գնա պարտքը տալու հայրենիքին: Ռոստովից թռիչքը օգոստոսի 14-ին է եղել: Համավարակով պայմանավորված՝ բավական դժվարությամբ են կարողացել ինքնաթիռի տոմս գտնել: Տղան արգելել է մորն իր հետ գալ Հայաստան: Գյումրու զինկոմիսարիատում սկզբում հրաժարվել են զորակոչել Գագիկին՝ ասելով, որ ուշացել է, թող գնա ու ներկայանա հաջորդին: Գագիկը բողոքարկել է որոշումը, հայտարարել, որ առանց այդ էլ ուշացրել է ծառայության մեկնումն ու պահանջել, որ հարցն անհապաղ լուծեն: