Բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակը՝ ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմների զոհերի, այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված՝ Երևանի Հանրապետության Հրապարակում անցկացվող գլխավոր միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի՞ նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եւ որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը, մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:
Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, եւ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եւ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին»,– ասաց նա: