00:00:00

Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ

15:25, 13 սեպտեմբեր 2021 Հասարակություն

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: Այս մասին  տեղեկանում ենք Հայաստանի ԿՆետնրոնական բանկից: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը: Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրոխորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ Դիմերես՝ ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին: Դարձերես՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը: Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը               5000 դրամ Մետաղը/հարգը                          արծաթ 9250 Քաշը                                                   168,1 գ Տրամագիծը                                   63,0 մմ Որակը                                                պրուֆ Դրամաշուրթը                               հարթ/համարակալված Թողարկման քանակը               300 հատ Թողարկման տարեթիվը         2021 Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում: Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր